Արցախի պետական համալսարան

Հոգեկան առողջության միջազգային օրվա առթիվ հոկտեմբերի 11-ին Արցախի պետական համալսարանում մանկավարժության և հոգեբանության ամբիոնի և հոգեբանական կենտրոնի համատեղ ջանքերով կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ նվիրված հետպատերազմյան իրավիճակում հասարակության շրջանում տեղ գտած անորոշության ու տագնապի զգացումների վերլուծությանը: Կլոր սեղան-քննարկմանը ներկա էին ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վ. Յարամիշյանը, մանկավարժության և սպորտի ֆակուլտետից դասախոսներ և հոգեբան-մասնագետներ ԱՀ-ից ու ՀՀ-ից:

1922թ. հոկտեմբերի 10-ից միջազգայնորեն և ՀՀ-ում ընդունված  օրենսդրական ակտերի համաձայն օրը նշվում է որպես հոգեկան առողջության միջազգային օր՝ նպատակ ունենալով հոգեկան խնդիրներ ունեցող անձանց ներգրավել առողջ մարդկանց հասարակության մեջ:

ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վ. Յարամիշյանը, ողջունելով և ներկայացնելով քննարկման թեման ու մասնակիցներին, նշել է, որ նման ձևաչափով քննարկում կազմակերպելը հետպատերազմյան իրականությունում կարևոր անհրաժեշտություն է:

 «Հոգեկան առողջության միջազգային օրը պարզապես անհրաժեշտություն է, որպեսզի նրանք, ովքեր ունեն հոգեկան խնդիրներ, իրենց զգան պաշտպանված և հասարակության մյուս անդամների հետ լինեն հավասար պայմաններում: Քննարկման նպատակն է հասկանալու և վերլուծելու այն խնդիրները, որոնք առկա են մեր հասարակությունում՝ առաջարկելով նաև ուղիներ այս իրավիճակի հաղթահարման ուղղությամբ»,- նշել է Վ. Յարամիշյանը՝ հավելելով, որ առկա խնդիրների լիարժեք լուծումը դժվար է և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները անընդհատ շարունակվում են:

Հ.գ.թ., պրոֆեսոր Ա.Մխիթարյանը, կարևորելով նախաձեռնության անհրաժեշտությունը, նշել է, որ մտահոգ լինել քաղաքացիների հոգեկան առողջության համար և ունենալ տեսլական, թե այս խիստ անորոշության մեջ ինչ հոգեվիճակում է գտնվում մեր հասարակությունը, շատ տեղին է և պահանջված:

«Ստեղծված անորոշությունը քայքայում է մեր հոգեկան աշխարհը, հասարակության փոխհարաբերությունների նորմալ հարմոնիան: Մենք՝ արցախցիներս, պետք է ունենանք յուրահատուկ առաջարկներ, քանի որ մենք անմիջապես ապրում ենք և՛ այդ անորոշությունը, և՛ այդ վտանգները, և՛ տագնապները, որոնք հետագայում փոխակերպվում են վախի և երանգավորում են մեր ողջ գործունեությունը»,- իր խոսքում նշել է Ա. Մխիթարյանը՝ հորդորելով ինքներս մեր մեջ ուժ գտնել և նայել ապագային, դուրս գալ անորոշության իրավիճակից և հասկանալ, որ մեր ձեռքերում է մեր ճակատագիրը:

ԱրՊՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս Ա. Ավանեսյանը ներկայացրել է անորոշության զգացման և հոգեկան առողջության միջև եղած փոխհարաբերությունները՝ խոսելով նաև հոգեկան առողջության չափորոշիչներից, հոգեբանական հայեցակարգերից և  անորոշության զգացումի հաղթահարման մեթոդներից:

«Այսօր Արցախում ապրողներիս մոտ առկա անորոշությունը բացասական բնույթ ունի և բնակչության հոգեկան կայուն առողջությունը վտանգի տակ է առնված, որովհետև սեփական պոտենցիալը իրագործելու հանգամանքը այսօր ոչ բոլորի մոտ է ստացվում և կենսական սթրեսները շատ ավելի խորն են ապրվում բնակչության մոտ»,- նշել է Ա.Ավանեսյանը:

Ելույթներով հանդես են եկել նաև մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոսներ Ի. Մկրտչյանը և Ռ. Հարությունյանը, որից հետո մասնակիցների  միջև ծավալվել է խնդիրների վերաբերյալ ակտիվ քննարկում և կարծիքների փոխանակում: