Արցախի պետական համալսարան

Հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի մեծ խորհրդի նիստ, որի ընթացքում ֆակուլտետի դեկան, ք.գ.թ., պրոֆեսոր Վոլոդյա Միրզոյանը ներկայացրել է 2020-2021  ուսումնական տարվա հաշվետվությունը: Նիստին ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ֆակուլտետի խորհրդի անդամները:

Միջոցառումը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմներում անմահացած տղաների:

Դեկանը ներկայացրել է հաշվետու տարում ֆակուլտետում տարբեր ուղղություններով կատարած միջոցառումները՝ ուսումնական գործընթաց, գիտահետազոտական, կազմակերպչական  և ուսանողների հետ տարվող աշխատանքներ:

«Յուրաքանչյուր տարի մեր աշխատանքը կատարվում է ըստ ֆակուլտետի խորհրդի կողմից ընդունված և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի կողմից հաստատված ծրագրով, ինչպես նաև բնագիտական ֆակուլտետի ռազմավարության շրջանակներում:
       Բնագիտական ֆակուլտետի առաքելությունը՝ մասնագիտական գիտելիքներով և հմտություններով, մրցունակ, համամարդկային արժեքները ճանաչող, ազգայինը կարևորող, արհեստավարժ մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի մասնագետների պատրաստումն է»,-նշել է Վ. Միրզոյանը:


            Նա ներկայացրել է նաև բնագիտական ֆակուլտետի տեսլականը և ընդգծել, որ բոլոր ծրագրերը միտված են հասնելու այդ տեսլականին, այն է՝ բարձրացնել ստորաբաժանման գործունեության արդյունավետությունը, նպաստել ֆակուլտետի մրցունակության բարձրացմանը, ապահովել կրթական բարձրորակ մշակույթի ձևավորումը, մատուցող կրթական ծառայությունների համապատասխանությունը և համադրելիությունը միջազգային չափանիշների:

Բնագիտական ֆակուլտետի շրջանավարտը պետք է լինի համակողմանի զարգացած, պետական մտածելակերպով օժտված քաղաքացի և հարգի պետական խորհրդանիշները:

Բնագիտական ֆակուլտետը հաշվետու տարում մասնագետ է թողարկել առկա բաժնի  հինգ, հեռակա բաժնի չորս,  ինչպես նաև ութ մագիստրոսական կրթական ծրագրով:

2020-2021 ուս.տարում ֆակուլտետի ամբիոնների կողմից կատարված աշխատանքների  մասին խոսելով՝ դեկանն առանձնացրել է դրանք՝ ըստ ամբիոնների. կազմակերպվել են ինտելեկտուալ խաղեր, գիտական սեմինարներ, մասնագիտական արշավներ, արտալսարանային դասընթացներ և այլն, որոնք միտված են եղել ուսուցման արդյունավետության բարձրացմանը:

Հաշվետվությունը գնահատող ելույթներով հանդես են եկել ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, պրոռեկտոր Գեորգի Սահակյանը, ֆակուլտետի դասախոսներ: Բնագիտական ֆակուլտետի 2020-2021  ուսումնական տարվա հաշվետվությունը գնահատվել է բավարար: