Արցախի պետական համալսարան

Հոկտեմբերի 15-ին հրավիրվել է բանասիրական ֆակուլտետի մեծ խորհրդի նիստ, որի ընթացքում բանասիրական ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Մարգարյանը ներկայացրել է 2020-2021 ուսումնական տարում ֆակուլտետի կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը:

Դեկան Լ. Մարգարյանը ներկայացրել է հաշվետու տարում ֆակուլտետի  կառուցվածքը   և նրա կառավարման համակարգը, կրթական գործունեության կազմակերպումը, ուսումնամեթոդական  գործունեությունը,  դասախոսական կազմի  և ուսանողության կատարած գիտական  աշխատանքը,  դաստիարակչական  ու  կրթական  ժամանցը, համագործակցությունը և ինքնավերլուծությունը՝ ուժեղ  ու թույլ կողմերով:

2020-2021 ուսումնական տարում ֆակուլտետում  ուսումնագիտական գործունեությունը շարունակվել է   իրականացվել   4  ամբիոններում ՝ Ակ.  Ս. Աբրահամյանի  անվան  հայոց լեզվի, ռոմանագերմանական լեզուների, գրականության և լրագրության, ռուսաց  լեզվի  և գրականության:  Ֆակուլտետի  2020-2021 ուստարվա  ուսումնական ծանրաբեռնվածությունը   կազմել  էր  44854 ակադեմիական ժամ, որը  բաշխվել  էր չորս  ամբիոնների  միջև:

Բնութագրելով ուսումնամեթոդական  գործունեությունը՝ դեկան Լ. Մարգարյանը նշել է, որ   հաշվետու տարին   շրջադարձային տարի  էր. անկումային՝ արտահամալսարանական իրականությամբ պայմանավորված, վերելքային՝ համալսարանական աշխատանքների գնահատման  բարձր նիշով՝  հավատարմագրումը պատվով  իրականացնելու հանգամանքով պայմանավորված:  Մեկնարկին ուսումնականը  հատկանշվեց  Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի փուլերի   ամփոփման  և  հավատարմագրմանը ներկայանալու նախապատրաստական բուռն  աշխատանքներով: Նաև  ներդրվեց  էլեկտրոնային Classroom  հարթակը, մշակվեց և ընդունվեց   հեռավար ուսուցմամբ  ուսումնական գործընթացը կազմակերպելու կարգը: Ողջ  համակազմը  վերապատրաստվեց՝  էլեկտրոնային հարթակով   աշխատանքների կազմակերպումն իրականացնելու  համար: Էլեկտրոնային հարթակ մուտքագրվեցին առարկայական նկարագրերը,  ուսումնական նյութերը՝ դրանք հասանելի դարձնելով թե՛ առկա,  թե՛ հեռակա  ուսուցման համակարգերի ուսանողներին:

«Ինչպես Արցախյան առաջին պատերազմի օրերին  ԱրՊՀ-ն իր  կարևոր առաքելությանը  հավատարիմ մնաց ու դարձավ Արցախի լինելության խորհրդանիշներից մեկը, այնպես  էլ Երրորդ պատերազմից հետո ճկուն և  խելամիտ  կառավարման արդյունքում  ոչ միայն արագ ինքնակազմակերպվեց,  դարձավ Արցախի կյանքի շարունակականությունը հաստատող ու համախմբող կառույց, այլև ուսանողությանը  ներկայացավ իր առաքելության  իրականացմանը  հաստատ մնալու կամքով»,-ընգծել է Լուսինե Մարգարյանը:

Հաշվետու տարում աշխատանքներ են տարվել  կադրային  ներուժի  զարգացման ուղղությամբ, կազմակերպվել են արտալսարանային մի շարք միջոցառումներ՝ օրինակելի դասախոսություններ, հանդիպումներ, գիտակրթական այլ միջոցառումներ, որոնք միտված են եղել ուսուցման, գիտակրթական արդյունավետության   բարելավմանը, միջբուհական համագործակցության ամրապնդմանը:

Կատարված աշխատանքն իրենց ելույթներում բարձր են գնահատել ֆակուլտետի դասախոսներ:

 ԱրՊՀ պրոռեկտոր Գեորգի Սահակյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքից՝ կարևորելով միջազգային հեղինակություն ունեցող գիտական պարբերականներում ԱրՊՀ դասախոսների կողմից գիտական հոդվածներ տպագրելու անհրաժեշտությունը:

 «Մեր խնդիրն է  այսօր իրականացնել «միջազգայնացում տանը», առցանց հնարավորությունները օգտագործելով՝ հնարավոր բոլոր միջոցներով ներգրավվել Արցախից  դուրս  առկա  իրականությանը ինտեգրվելու»,-խոսելով խնդիրներից՝ նշել է Լուսինե Մարգարյանը:

2020-2021 ուսումնական տարում ֆակուլտետի կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը նիստը գնահատել է բավարար: