Արցախի պետական համալսարան

Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի մեծ խորհրդի նիստ, որի ընթացքում ֆակուլտետի դեկան  Շահեն Այդինյանը ներկայացրել է 2020-2021  ուսումնական տարվա հաշվետվությունը: Նիստին ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, պրոռեկտորներ, ֆակուլտետի խորհրդի անդամները:

Միջոցառումը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արցախյան բոլոր պատերազմներում անմահացած հերոսների:

Դեկանը ներկայացրել է հաշվետու տարում ֆակուլտետում տարբեր ուղղություններով կատարած աշխատանքները՝ ուսումնական գործընթաց, գիտահետազոտական, կազմակերպչական  և ուսանողների հետ տարվող աշխատանքներ:

«44-օրյա պատերազմը խաթարեց մեր բնականոն կյանքը, մեր ուսումնական գործընթացը, մեր հայրենիքում մեր ապրելու իրավունքը: Ֆակուլտետի առկա և հեռակա համակարգերի 114  ուսանողներ կամ ուսանողների 25%-ը պատերազմի հետևանքով տեղահանվել են իրենց մշտական բնակավայրերից, 10-ից ավելին ունեցել են տարբեր  ծանրության վիրավորումներ: Տասնյակ ուսանողներ կորցրել են ծնողին, եղբորը, հարազատին»,- նշել է Շ. Այդինյանը՝  հավելելով, որ համալսարանի ղեկավարության կողմից առաջադրվեցին հստակ պահանջներ՝ պարապմունքները վերսկսելու, ուսանողների շրջանում բացատրական, բարոյահոգեբանական լայն աշխատանք ծավալելու ուղղությամբ:

Խոսելով ֆակուլտետի կառուցվածքի և կառավարման համակարգի մասին՝ դեկանը նշել է, որ հաշվետու տարում ֆակուլտետում կառուցվածքային փոփոխություն տեղի չի ունեցել: Ֆակուլտետում գործել են 2 համահամալսարանական ամբիոններ՝ մանկավարժության և հոգեբանության, ֆիզիկական դաստիարակության և նախնական զինվորական պատրաստության: Ֆակուլտետի 2020-21 ուստարվա ուսումնական բեռնվածքի ընդհանուր ժամաքանակը կազմել է 19760 ժամ:

            Բնութագրելով կրթական գործունեության կազմակերպումը՝ դեկան Շ. Այդինյանը նշել է, որ  2020-21 ուստարում մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ուսուցման առկա համակարգում բակալավրիական 4 կրթական ծրագրերի ուղղությամբ ձևավորվել էր 15 խումբ՝ 213 ուսանող թվակազմով և մագիստրոսական 3 կրթական ծրագրերի ուղղությամբ 5 խումբ՝ 43 ուսանող: Հեռակա ուսուցման համակարգի բակալավրիատում ուսուցումը իրականացվել է 4 կրթական ծրագրերի 12 խմբերում, սովորողների թիվը՝ 198: Մագիստրատուրայում ունեցել ենք 1 խումբ՝ 6 ուսանող թվաքանակով:

Ընդհանուր առմամբ ֆակուլտետը բակալավրիատի 4 և մագիստրատուրայի 3 կրթական ծրագրերի ուղղությամբ թողարկել է 117 շրջանավարտ, որոնցից 8-ը գերազանցությամբ:

Խոսելով  ֆակուլտետի ուսումնամեթոդական գործունեության մասին՝ դեկան Շ. Այդինյանը նշել է, որ այդ ուղղությունը բուհական գործունեության կարևորագույն մասն է կազմում և հաշվետու ժամանակահատվածում ֆակուլտետի ամբիոններում քննարկվել են ուսումնական պլաններում փոփոխություններ  կատարելու անհրաժեշտության հարցը: Ամբիոնների դասախոսները հրատարակել են հոդվածներ, մասնակցել գիտաժողովների, անցկացրել գիտական սեմինարներ ու քննություններ, կազմել կրթական ծրագիր, մասնագիտական դասընթացների թեստեր ու առարկայական նկարագրեր, ղեկավարել գիտամանկավարժական փորձուսուցում և մագիստրոսական թեզեր:

«Ֆակուլտետի ուսումնամեթոդական աշխատանքը նպատակաուղղվել է  ԱրՊՀ  զարգացման ռազմավարական ծրագրի /2019-23թթ./ իրականացման ժամանակացույց-պլանով նախատեսված միջոցառումների կատարմանը և դրանց արդյունքում ակնկալվող վերջնարդյունքերի ձեռքբերմանը: Այս ուղղությամբ ամբիոններում կատարվել են բազմաթիվ միջոցառումներ»,- նշել է Շ. Այդինյանը:

Խոսելով ուսանողների հետ տարվող աշխատանքների և արտահամալսարանական գործունեության մասին՝ Շ. Այդինյանը նշել է, որ անցկացված միջոցառումները բազմաթիվ են: Դրանք անց են կացվել ինչպես ամբիոնների դասախոսների, այնպես էլ հրավիրված մասնագետների, ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի, պրոռեկտոր Վ. Յարամիշյանի, ռուս խաղապահների, համալսարանի և ֆակուլտետի ուսանողական խորհուրդների և ՈւԳԸ, ինչպես նաև ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի կողմից:

            Նրա խոսքով՝ կազմակերպած բոլոր միջոցառումները ուղղված էին ուսանողներին պատերազմական թարմ մղձավանջային  ապրումներից ու տպավորություններից  դուրս բերելուն:

«Մեզ հաջողվեց ուսանողների մեջ հավատ ներշնչել Արցախի մայր բուհում սովորելու, շատերին՝ Արցախ վերադառնալու և ապագային հավատալու ուղղությամբ»,- իր ելույթում հավելել է Շ. Այդինյանը:

Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի 2020-2021  ուսումնական տարվա հաշվետվությունը ներկաների կողմից գնահատվել է բավարար: