Արցախի պետական համալսարան

Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել պատմության և իրավագիտության ֆակուլտետի մեծ խորհրդի նիստը, որի ընթացքում  դեկան Արմինե Խաչատրյանը  ներկայացրել է 2020-2021 ուստարում ֆակուլտետի կատարած աշխատանքի մասին  հաշվետվություն: Նիստին ներկա էին ռեկտոր Արմեն Սարգսյանը, պրոռեկտորներ, խորհրդի անդամներ:

Նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատերազմում նահատակված ուսանողների:

Պատմության և իրավագիտության ֆակուլտետում գործում են 3 ամբիոններ՝ պատմության և քաղաքագիտության, իրավունքի, կերպարվեստի:  Ֆակուլտետի դասախոսները տպագրել են հոդվածներ, մենագրություններ, մասնակցություն հանդես բերել միջազգային գիտաժողովների:

Դեկանի խոսքով՝ պատմության և քաղաքագիտության ամբիոնն իր գիտական ուսումնասիրությունները և ուսումնական դասընթացները ծավալել և այժմ էլ ծավալում է հայոց պատմության, ազգագրության, հնագիտության և ընդհանուր պատմության մի շարք հիմնախնդիրների ուսումնասիրության և պատմության դասավանդման  մեթոդիկայի ուղղությամբ:

Իրավունքի ամբիոնն իր գիտական ուսումնասիրություններն ու ուսումնական դասընթացները ծավալել է սահմանադրական, վարչական, քրեական, քաղաքացիական իրավունքի, դատավարության ուղղություններով:

Հաշվետու ժամանակաշրջանում իրավունքի ամբիոնը շարունակել է համագործակցել  ՀՀ առաջատար բուհերի հետ: Ամբիոնի դասախոս Տաթևիկ Գևորգյանը Երևանի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն ԺԲ.00.05 մասնագիտությամբ:

Կերպարվեստի ամբիոնում իրականացվել է ակադեմիական հաջողված  աշխատանքների  ցուցադրում (գծանկար, գունանկար, կոմպոզիցիա), դասախոսների  աշխատանքների  ցուցադրում  բաժնի  ուսանողներին: Կատարվել են թեմատիկ   աշխատանքներ` նվիրված  ԱրՊՀ 50-ամյակին (գրաֆիկա, քանդակ, գունանկար): Կազմակերպվել են միասնական ցուցահանդեսներ:

Դեկան Ա. Խաչատրյանը ներկայացրել է նաև ֆակուլտետում կատարված ուսումնամեթոդական աշխատանքները, ուսանողների  գիտական  աշխատանքը,  դաստիարակչական  ու  կրթական  ժամանցի ուղղությամբ կատարված միջոցառումները: Խոսելով ֆակուլտետի ուժեղ և թույլ  կողմերի մասին՝ Ա. Խաչատրյանը նշել է. «Ֆակուլտետի ուժեղ կողմը մեր գնահատմամբ ուսանող- դասախոս-ամբիոն-դեկանատ փոխհամագործակցության ամուր հենքն է, ուսանողների ներգրավվածությունը համալսարանական, արտահամալսարանական միջոցառումներին, ուսման գործընթացի բարելավմանը: Թույլ կողմը՝ փոխադարձ դասալսումների և քննարկումների, առաջավոր մանկավարժական փորձի ներդրման ոչ բավարար մակարդակը»:

Հաշվետվությունը գնահատող ելույթներով հանդես են եկել ֆակուլտետի դասախոսներ:

Խորհուրդը պատմության և իրավագիտության ֆակուլտետի 2020-2021 ուստարում կատարած աշխատանքի մասին  հաշվետվությունը գնահատել է բավարար: