Արցախի պետական համալսարան

Նոյեմբերի 1-ին ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում Արցախի   պետական համալսարանում դասախոսությամբ հանդես է եկել կ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը՝ «Ժողովուրդների գենետիկական տարեգրությունը. իրականությունն ընդդեմ կեղծարարության» թեմայով: Հանդիպմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Ա. Սարգսյանը, ոչ ֆորմալ կրթության ծրագրի նախաձեռնող Կ. Օհանջանյանը, պրոռեկտորներ, դասախոսներ և բնագիտական ֆակուլտետի տարբեր կուրսերից ուսանողներ:

Ողջունելով բանախոսին՝ ռեկտորը շնորհակալություն է հայտնել հանդիպումը նախաձեռնողներին և Լևոն Եպիսկոպոսյանին՝ ԱրՊՀ-ում դասախոսությամբ հանդես գալու համար: Ռեկտորի խոսքով՝ քննարկվել է նաև ԱրՊՀ ասպիրանտներին Լ. Եպիսկոպոսյանի կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքներում ընդգրկելու հարցը:

«Լ. Եպիսկոպոսյանի մասնագիտությունը միջգիտակարգային է: Նրա բուն մասնագիտությունը՝ կենսաբանությունը, կապված է տարբեր մասնագիտությունների հետ»,- նշել է ռեկտոր Ա. Սարգսյանը՝ հավելելով, որ նրա ջանքերով Արցախում շատ մեծ աշխատանքներ են կատարվել և այսօր էլ  շարունակվում են  կատարվել:

«Ուրախ եմ, որ այսօր Արցախում եմ գտնվում, ինձ համար շատ մոտ և հարազատ մթնոլորտում: Հուսով եմ և վստահ, որ մենք ժամանակավոր  ենք կորցրել այն հնավայրերն ու հուշարձանները, որտեղ  տասնամյակներ շարունակ աշխատում էինք»,- նշել է Լ. Եպիսկոպոսյանը՝ հավելելով, որ վերջին 7 տարիների ընթացքում միջազգային թիմով նրանք աշխատել են Քարինտակ հնավայրում:

            Կարևորելով գիտության դերը քաղաքականության մեջ՝ բանախոսը նշել է, որ գիտությունը տարբեր պետություններում օգտագործվում է որպես քաղաքական գործիք: Լ. Եպիսկոպոսյանը ներկայացրել է տվյալներ հրեաների, վրացիների, թուրքերի և ադրբեջանցիների գենետիկական պատմության վերաբերյալ, դրանց իրականությունը և կեղծարարությունը կապելով քաղաքականության հետ:

            Խոսելով հայակական գենետիկական պատմության մասին՝ նա նշել է, որ վերջին 20 տարիների ընթացքում հայկական ծագումնաբանության վերաբերյալ ունեցել ենք մոտ հինգ տասնյակ հոդված:

            «Պատմությունը վերականգնում են լեզվաբանները, պատմաբանները, հնագետները: Այսօր պատմությունը շատ քաղաքականացված է, մեր բոլոր մասնագետներն անելիքներ շատ ունեն՝ իրականությունը չխեղաթյուրելու ուղղությամբ»,- իր խոսքում նշել է բանախոսը:

            Հանդիպման վերջում Լ. Եպիսկոպոսյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին: