Արցախի պետական համալսարան

Հոկտեմբերի վերջին օրն աշխարհի տարբեր երկրներում նշվում է որպես խնայողությունների համաշխարհային օր:  Օրն առիթ է՝ հանրության ուշադրությունը հրավիրելու սեփական առողջության, իրերի, բնական ռեսուրսների նկատմամբ և դրսևորել դրանց նկատմամբ հոգատար վերաբերմունք: Ամեն տարի ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնը ուսանողության և ոլորտի պատասխանատու պաշտոնյաների հետ կազմակերպում է միջոցառում: Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Մելքումյանի նախաձեռնությամբ  այս տարի միջոցառումը կազմակերպվեց առցանց եղանակով՝ վեբինար-քննարկման ձևաչափով, որին մասնակցում էին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Նորայր Մուսայելյանը, ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության տնտեսական զարգացման վարչության պետ Բելլա Պետրոսյանը, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարիչ Քաջիկ Խաչատրյանը, համալսարանի դասախոսներ, ուսանողներ:

Միջոցառման ընթացքում ֆինանսահաշվային 3-րդ կուրսի ուսանողները ներկայացրին իրենց վերլուծությունները՝ « Գյուղատնտեսական արտադրության արդյունավետության բարձրացման ուղիները» (Հեղինակներ՝ Մինասյան Աննա, Պետրոսյան Բելլա /ֆին.-IIIկ/ ),   «ԱՀ ջրային ռեսուրսների հիմնախնդիրները»  (Հեղինակներ՝ Հարությունյան Աննա, Թամրազյան Ռոմելլա /ֆին.-IIIկ/ ),«Այլընտրանքային էներգետիկան՝ որպես ԱՀ էկոլոգա-էներգետիկ անվտանգության գործոն» (Հեղինակներ՝ Կարապետյան Քրիստինե, Պողոսյան  Անահիտ  /ֆին.-IIIկ/ ),  «Առողջության պահպանման մերօրյա հիմնախնդիրները» (Հեղինակներ՝ Հարությունյան Լուսինե, Միքայելյան Աշխեն /ֆին.-IIIկ/ ), «Ավանդները` որպես խնայողության միջոց (Հեղինակներ՝  Շահնազարյան Տիրուհի, Շեկյան Մարտա  /ֆին.-IIIկ/ ) թեմաներով:

Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Մելքումյանը, ողջունելով  վեբինարի  մասնակիցներին, կարևորել է թեման՝ նշելով. «Արցախն այսօր գտնվում է հետպատերազմյան դժվար վիճակում, երբ, կորցնելով բազմաթիվ կյանքեր, կորցրել է նաև տարածքներ՝ իրենց ռեսուրսներով, տեսարժան վայրերով:  Այսօր Արցախի բնակչության համար հատկապես արդիական է դառնում մնացած բնական ռեսուրսների նկատմամբ  հոգատար վերաբերմունքը: Անհրաժեշտ է էլ ավելի խորը մտահոգվել գյուղատնտեսական արտադրանքի արտադրողականության բարձրացմամբ՝ հայթայթել նվազած հողատարածքները վերամշակելու առավել ինտենսիվ եղանակներ: Պատերազմից հետո, մեր հանրապետությունում արդեն իսկ սահմանափակ են էլեկտրաէներգիայի, ջրային և այլ ռեսուրսները, կարևոր խնդիր է դրանց ողջամիտ օգտագործումը: Մեր բնական հարստությունների հանդեպ հոգատար վերաբերմունքը ապագայում բարեկեցության երաշխիք է ողջ Արցախի բնակչության համար»:

Թեմայի շուրջ իրենց կարծիքներն են հայտնել նաև վեբինարին հրավիրված հյուրեր ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից և շահագրգիռ այլ կառույցներից: