Արցախի պետական համալսարան

Լույս է տեսել ԱրՊՀ ուսանողուհի Ռիտա Վանեսյանի «Վերջին կանգառ» գիրքը:  Ռիտան ստեղծագործել սկսել է վաղ տարիքից, սակայն իր ստեղծագործությունները հանրությանը սկսել է ներկայացնել 2016 թ. ապրիլից: Սովորում է «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության  1-ին կուրսում: «Վերջին կանգառ» գիրքը գողտրիկ սիրո մի պատմություն է, որտեղ ներկայացված են  հեղինակի մտորումներն ու աշխարհընկալումը սիրո, կյանքի, մարդկային հարաբերությունների, արժեքների մասին: Շնորհավորում ենք մեր ուսանողուհուն և մաղթում նորանոր ձեռքբերումներ: Ներկայացնում ենք հատված գրքից:

Հատված«Վերջին կանգառ» գրքից

Ամենաթանկ ու կարևոր բաներն այս կյանքում դժվար են տրվում։ Դու այդ ամենան ես։ Ամենաիդեալականը, որ ես կարող եմ ունենալ, դու ես։ Սխալ  է ասված, թե իդեալական մարդիկ չկան։ Ուղղակի  պետք է հասկանալ, որ ում դու սիրում ես ամենախելացին չէ, ամենագեղեցիկը չէ, ամենաբարին չէ, բայց մյուսների համար, սակայն քեզ համար նա, ում սիրում ես, ամենան է, ամենահարզատ մարդը, որին դու գտար անծանոթների մեջ ու ամենամտերիմը, որին չի փոխարինի ոչ մի այլ հարազատ։ Կատարյալը, ում մասին չես էլ երազել։ Դու դարձար իմ թուլությունը՝ կաթիլ թուլությունը։  Ես այդպես էլ չդադարեցի քեզ սպասել, քեզ որոնել։ Ես քեզ փնտրում էի ամենուրեք, սակայն քո հետքն անգամ չկար։

­ Մի՞թե անհետացել էիր...

Միակ տեղը, որտեղ չեմ փորձել փնտրել քեզ, ուրիշներն էին։ Ես չէի փորձում քեզ փնտրել ուրիշների մեջ, չէի փորձում գտնել քեզ նմանին, քանի որ քեզ պես միայն դու ես։ Ես գիտեի, որ քո հայացքից ոչ ոք չունի, քո ժպիտից ոչ ոք չունի, իսկ աչքերդ, լավ է՝ լռեմ։

֊Ինչ կանեիր, եթե իմանայիր, որ այն օրը ձեր վերջին հանդիպումն էր լինելու:

֊Տանը միասին ֆիլմ կդիտեինք, բարձերով կճակատամարտեինք, այնպես, որ ամբողջ տունը փետուրով լցվեր, հետո մի փոքրիկ սեղանի շուրջ մթության ու մոմերի ներքո կընթրեինք։ Աստղերի ներքո մինչ ուշ երեկո իրար ձեռք բռնած կքայլեինք, գլուխս կդնեի ուսին և նայելով լուսնին` ականջակալներով երաժշտություն կլսեինք, կարտասվեի ու կպատճառաբանեի ցուրտը, ինչն էլ ձյան տեսքով կթափվեր մեզ վրա։ Ալյումինից 2 օղակ կպատրաստեինք և իբրև նշանդրեքի մատանի մեկս մյուսի մատին կդնեինք։ ֊Իսկ ինչպե՞ս հրաժեշտ կտայիր:

- Կկանգնեի նրա դիմաց ու սրտիս թույլ կտայի անկեղծանալ, կասեի, որ նրանից լավը, նրանից անկեղծը, գեղեցիկը, թանկն ու հարազատը երբեք չեմ ունենա։ Դանդաղ կմոտենայի, կնստեի կողքին, կհամբուրեի այտն ու մի վերջին անգամ կասեի.

«Բարի գիշեր, սիրելիս»: Այդպես առաջին և վերջին անգամ կննջեմ իր կողքին:

Սիրո մասին շատ խոսել չի կարելի, սերը լռություն է սիրում: Բայց իմ սերը խուլ էր, և լռությունն էլ տանել չէր կարողանում:

Տղա։ Ի՞նչ ես կարծում, ամենից շատ լո՞ւսինն ունի սիրո կարիք, թե՞ աստղերը:

Աղջիկ։Մարդիկ… ♡