Արցախի պետական համալսարան

«Հայրենի  հողդ  սիրիր  այնպես, որ  այդ սիրուց  վախենա թշնամին»: Հերոս Մոնթեի պատգամը մեր սերնդի տղաների  կյանքի  կարգախոսն է  դարձել։ 44-օրյա պատերազմը  ապացույցն էր այս  ասվածի, մեր սերնդակից տղաները  այնպես  սիրեցին  մայ  հողը,  որ դարձան նրա  հողածին զավակները։ Հայրենիքի համար  անմահացած հրաշունչ հերոս   է  նաև  Արամ Մկրտչյանը։

Գայլով տղաս`  այդպես  է  նրան կոչում մայրը:

Արամ Մհերի Մկրտչյան. ծնվել է  քաղաք Ստեփանակերտում 2002 թվականի  մայիսի 5-ին:

2008 թվականին ընդունվել է  Ստեփանակերտի  Հայկ Բալասանյանի անվան համար 5 միջնակարգ դպրոց:

2015 թվականին ուսումը շարունակել է Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան  թիվ 1 միջնակարգ դպրոցում, նույն թվականի փետրվարին տեղափոխվել է Մարտակերտի  Վարդան Մինասյանի անվան  թիվ 2 հիմնական դպրոց: Վաղ տարիքից աչքի է ընկել սպորտային բացառիկ կարողություններով: Զբաղվում էր ազատ  ոճի  ըմբշամարտով: Սպորտի մեծ սիրահար էր: Բազմիցս  պարգևատրվել էր   պատվոգրերով և  մեդալներով: Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Երևանի Օլիմպիական  հերթափոխի  պետական մարզական քոլեջը(ԵՕՀՊ): Ավարտելով ԵՕՀՊ-ի քոլեջը՝  2020 թվականի հուլիսի 20-ին մեկնել է  պարտադիր ծառայության  Մարտակերտ քաղաքի 5-րդ պաշտպանական շրջանում: Նրա մեծ երազանքն է  եղել  դառնալ   իր  հերոս քեռու նման հետախույզ և  ուներ այդ բոլոր տվյալները՝ այդ ոլորտում հաջողություններ գրանցելու համար:

Լավ ընկեր էր, չարաճճի դասընկեր: Արամի հետ միասին մի նստարանի  էինք նստում: Այսօրվա պես  եմ հիշում, թե ինչպես  էր նստարանը գրիչով բաժանում երկու մասի և լուրջ հայացքով ասում, որ չհատեմ իր գծած սահմանը, ու եթե պատահաբար խախտում էի նրա պայմանը, քաշում էր մազերիցս: Ծնունդիս օրն էլ, սեղանից հավաքում էր կոնֆետները ու լցնում գրպանի մեջ, իսկ հաջորդ առավոտյան բերում և դասարանում հյուրասիրում: Մեր մանկական վեճերը,  թվում էր, անվերջանալի են լինելու, բայց այն ինչն ունի սկիզբ, ցավոք,  ունի նաև վերջ:

Հոգատար զավակ էր, արժանի որդի և ուշադիր ընկեր: Սիրում էր անակնկալներ անել մայրիկին   և ընտանիքի  անդամներին: Երազում էր  ունենալ մեծ ու գեղեցիկ ընտանիք, որտեղ պիտի շատ տղա զավակներ լինեն: Մոր հետ վերջին հանդիպումը եղել է սեպտեմբերի 19-ին: Կորոնավիրուսային բարդ շրջանում մայրը հորդորել  էր որդուն, որ հանդիպումները հաճախակի ընթացք  չստանան՝ հետագա  բարդացումներից  խուսափելու ակնկալիքով: Իսկ որդին վերջին գրկախառնության ժամանակ մոր ականջին շշնջացել էր, որ այլևս  չի վերադառնալու և կարծես նա  կանխազգում էր, թե ինչ է լինելու հետո, մոր հետ զրույցում ասել է, որ վատ կանխազգացում ունի, զգում է, որ շուտ է մահանալու:

Եկավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը: Պատերազմ: Բառ, որից ամենաշատն եմ վախենում, բառ, որը լսելուն պես մարմնիս ամեն մի բջիջով ատելություն եմ զգում: Պատերզամ, որ անտարբեր չանցավ շատերիս կողքով: 44 չապրած օրեր, սևազգեցստ դարձած մայրեր: Պատերազմը անտարբեր չանցավ նաև Արամի ընտանիքի կողքով: Մայրը պատմում է, որ որդու զոհվելու օրը երազ  է տեսել, որտեղ Արամը ծխի և մառախուղի մեջ էր ու կարծես ինչ-որ տեղ  էր շտապում:

Ընտանիքի անդամներն արդեն գիտեին, որ Արամը զոհվել է, բայց մորը հուսադրում էին, թե Արամի հետ ամեն ինչ լավ է: Չարաբաստիկ լուրն իմանալուց հետո  մայրը սկսում է ամենուրեք  փնտրել որդուն: Որդու դեմքն անճանաչելի էր  և միակ ինքնությունը հաստատող փաստը Արամի կրծքավանդակի դաջվածքն էր՝ գայլի կերպարանքով: Ու քանի որ բժիշկները չգիտեին Արամի ով լինելը, անվան փոխարեն գրանցել են որպես գայլով տղա: Որդին չէր սիրում,երբ մայրը սև էր հագնում, նույնիսկ հաճախ սաստում էր, բայց, անկախ իր կամքից, մայրը դարձավ  հավերժ սևազգեստ:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արամը առաջին զոհերից էր , ով մոտ 30 զինվորի  հետ անօդաչուի հարվածից մնաց հողի տակ։ Արամի հոգին հանգչում է Եռաբլուրում:

Անժելա Շահանց, լրագրություն 2-րդ կուրս