Արցախի պետական համալսարան

Դու պարզապես տարածք չես և ոչ էլ՝ սահման,

Որ անհոգի է, անխորք ու անկյանք,

Դու օջախ ես սրբասուրբ, հայրենիք՝ տիրական,

Որ օտարի ոտք չի կոխոտել։

 

Դու աննյութեղեն ես դարձել ու սրբացել

Աչքիցս ընկած ցավի արցունքից,

Երակ ես առել իմ բոսոր արյունից,

Որ արևագալներիդ համար է հեղվել...

Քանիցս ելել ես ընկածդ տեղից,

Վեր կացել ու քայլել, երբ մահդ են գուշակել,

Ուժ առել քո Մռավից ու Գանձասարից,

Ամարասում թևած աղոթքով ես ապրել...

 

Հայացք ես դարձրել խեղճի ճամփեքից,

Զինվորդ՝ զենք առել, բայցև կանչել՝ աստվա՜ծ,

Հառնել ես ցավից ու մոխիրներից,

Քանզի արդար է պայքարդ, Արցա՛խ։

 

Ու թեև այլևս քաղցր մտապատկեր է

Ղազանչեցոցի ղողանջը՝ մյուռոնով օծուն,

Թեև մշուշվել է Կատարոն բարձունքում,

Մեր հավատը բեկորելն անհնար է...

 

Մեր հույսն ու ուժը՝ հանց դրոշ,

Կծածանենք Տիգրանակերտում մի օր,

Կհնչեն դարձյալ հաղթի երգերը խրոխտ,

Որ տոկա հայը քառուղիներում մոլոր...

 

Հյուլե առ հյուլե կբոլորվես՝

Շուշիից ու Հադրութից մինչ Շահումյան ու Վարանդա,

Ջրականից մինչ Կովսական ու Սանասար՝

Հանուն նրանց, որ զոհվել են ապրելուդ համար։

 

Դուք փորձեցիք խաչ հանել հային՝

Անտեղյակ, որ հայը խաչել է մահն իր սրտում,

Ուզեցիք մեկ հայ թողնել և այն էլ՝ թանգարանում՝

Անգիտակ, որ հավիտենածին ենք ու աստվածային...

 

Չի՛ մնա երազանքս փլատակների տակ,

Թանձր խավարը կլուսանա,

Կշաղկապվեն նորից հողերը կորսված,

Հայն առանց հայրենիքի չի՛ մնա..

 

Եղիցի լույ՜ս ճամփեքիդ հազարամյա,

Օրհնյալ լինեն որդիքդ անհաղթ,

Թող անցյալում մնան օրերը դժնյա,

Երկնահաս Ցավդ Ուժ դառնա, չծնկո՛ղ Արցախ...

Կարեն Մարտիրոսյան, իրավագիտություն 3-րդ կուրս