Արցախի պետական համալսարան

Դեկտեմբերի 10-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ամբիոնի դասախոս,  բ.գ.թ., դոցենտ Զինաիդա Բալայանի  «Արցախը 19-րդ դարի հայ գրականության մեջ» գրքի շնորհանդեսը: Գիրքը գիտական աշխատություն է, որը հեղինակի տասնամյակների տքնաջան աշխատանքի արդյունքն է:

«Արցախը 19-րդ դարի հայ գրականության մեջ» ուսումնասիրությունը Արցախի թեման ներկայացնող եզակի և համապարփակ գրականագիտական անդրադարձ  է հայ գրականության համապատկերին, որի  վերլուծական առանցքներում ընդգրկված և համակողմանիորեն քննված, վերարժևորված են Արցախին վերաբերող ազգային բարձր որակ հատկանշող կոթողային չխամրող արժեքներ:

Շնորհանդեսին ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, համալսարանի դասախոսներ, ուսանողներ, հյուրեր:

Ողջունելով ներկաներին՝  ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհավորել է ներկաներին՝ ԱՀ Սահմանադրության օրվա առթիվ և խորհրդանշական համարել հենց այդ օրը Արցախի հայկականությունը փաստող գիտական ուսումնասիրություն ընթերցողի դատին հանձնելը:

«Կան գրականագետ գիտնականներ, ովքեր միայն գիտությամբ են զբաղվում, և գրականագետներ, ովքեր նաև հայ գրականությունն են հանրայնացնում: Զ. Բալայանն իր աշխատանքով այս երկու առաքելությունն էլ իրականացնում է գրական խմբակների, միջոցառումների, աշխատությունների միջոցով»,-ասել է ռեկտորը:

Բ.գ.դ., պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, ով նաև գրքի գրախոսականի հեղինակն է, բարձր գնահատելով հեղինակի աշխատանքը, նշել է, որ գիրքը պատասխան է Արցախի պատմությունը խեղաթյուրող կեղծարարներին:

«Զ. Բալայանի ուսումնասիրությունը հանրագիտարանային լայն ընդգրկումներ ունի: Նա առաջինն է  գրականագիտական հայեցակարգով քննարկում ու արժեքավորում այն հեղինակների երկերը, որոնցում արծարծվել է արցախյան թեման 19-րդ դարի հայ գրականության համապատկերում՝ այս տեսանկյունից հանդիսանալով առաջադրված հիմնախնդիրն առաջինը բացահայտող կոթողային գրականագիտական արժեքի հեղինակ»,-նշել է Ս. Խանյանը:

Գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Նոնա Դավթյանը, շնորհավորելով հեղինակին, հանգամանորեն ներկայացրել է գրքի կառուցվածքը, հիմնական դրույթները՝ նշելով.«Զ. Բալայանի ուսումնասիրության տեսադաշտում Արցախն է՝ գրական աղերսներով, պատմական անցքերով ու իրադարձություններով: Շնորհակալություն ենք հայտնում հեղինակին՝ տարիների իր տքնանքը ընթերցողի սեղանին դնելու համար»:

Ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Տաթևիկ Սողոմնայնն իր ելույթում արժևորել է մենագրության նշանակությունը՝ նշելով. «Քաղաքական այս իրավիճակում  Արցախի մասին յուրաքանչյուր երկ, ուսումնասիրություն, գեղարվեստական գործ խրախուսելի և անհրաժեշտ է, մանավանդ, եթե այն կատարված է պատմագիտական լույսի ներքո ու քննական բովանդակությամբ: Զ. Բալայանի գրքում ուսումնասիրությունը հենց այս համատեքստում է արժեքավոր և ողջունելի: Աշխատության գլխավոր հերոսը Արցախն է»:

Գրքի գործնական նշանակությանն է անդրադարձել ԱրՊՀ ՈԱԿ վարիչ, բ.գ.թ., դոցենտ Շուշանիկ Սաղյանը:

«Զ. Բալայանը կատարել է բանասիրական-հավաքչական ահագին աշխատանք, արդյունքում ստեղծվել է գիրք, որը միտված է դառնալու բազա՝ Արցախի վերաբերյալ 19-րդ դարի գեղարվեստական պատկերացումների, մոտեցումների վերաբերյալ: Գրականագիտական ոլորտում, իհարկե, այս պահանջով հեղինակը կատարել է բավականին ծավալուն մեջբերումներ, որոնց միտումնավորությունը գուցեև ունի մեթոդական արժեք՝ խնդրո առարկա հարցն ուսումնասիրողների համար»,-նշել է Շ.Սաղյանը:

«Մենագրությունը արժեքավոր է գրականագիտական, պատմական, քաղաքական տեսանկյուններից: Այն կարող է հավակնել  դառնալու  ծանրակշիռ փաստ հակահայկական քարոզչության դաշտում՝ ի նպաստ հայկական կողմի»,-նշել է ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ  Զարինե Սառաջյանը:

Բանասիրական ֆակուլտետի ուսանողները ևս իրենց կարծիքներն են արտահայտել գրքի մասին:

Զ. Բալայանն իր ելույթում  շնորհակալություն է հայտնել  ներկաներին, գրքի տպագրության աշխատանքներին սատարած հովանավորներին, գրքի խմբագիր-գրախոսներին՝ ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ. Վարդան Դևրիկյանին և ԱրՊՀ դասախոս, բ.գ.դ., պրոֆեսոր Սոկրատ Խանյանին: Նրա խոսքով՝ ուսումնասիրությունը հասցեագրված է մասնավորապես 18-րդ և ամբողջությամբ 19-րդ դարի Արցախի գեղարվեստով, գրականությամբ, պատմությամբ, մշակույթով, գրականության և պատմության փիլիսոփայությամբ, արցախագիտությամբ զբաղվողներին, գրականագետներին,  հայ և օտար բանասեր-պատմաբաններին, ուսանողությանը, ընթերցող լայն շրջանակներին, ինտելեկտուալ հանրությանը:

«Պետք է միաբանված լինենք, որպեսզի կարողանանք հաղթել չարին, դավաճանությանն ու նորից վերագտնենք մեր կորցրածը: Եթե մենք միասնական լինենք, կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները»,-ասել է նա:

Հեղինակը իր գրքերից նվիրել է նաև ընթերցողներին: