Արցախի պետական համալսարան

Մենք  հաճախ ինքնակորսման պահեր ենք ունենում, բայց կյանքում ամենաթանկ բաները հրամայում են շարունակել: Ամենքս ապրում ենք խիստ որոշակի խնդիրների լուծում տալու համար, ու հավատացեք, մենք  դա մեր կամքից անկախ ենք անում:

Երբեմն անհասկանալի մտքեր ենք շռայլում, որոնք կարող են վերծանել  միայն հոգու ամենապիրկ թելերով մեզ կապված մարդիկ, երբեմն  ամենապարզ   խոսքերով կամ ամենամաքուր լռությամբ փորձում  ենք ինչ- որ մեկին մեզնից ու մեր աշխարհից  հեռացնել և ապշում  ենք, երբ չեն հեռանում, բայց չէ՞ որ այս պարագայում մենք անզոր ենք, որովհետև մարդիկ կան, որ միշտ պետք է ներկա լինեն, մեր, իրենց, մնացած ավելորդ ու անկարևոր մարդկանց ներկայությունից ու գոյությունից անկախ, աշխարհից ու իրադարձությունից անկախ, կյանքի ճիշտ ու սխալ ուղիներից, ճակատագիր կոչվածից, արգելված պտուղներից ու մեր կողմնորոշումից անկախ...

Մարդիկ կան, որ միշտ պետք է լինեն...

Միշտ պետք է պտտվեն մեր շուրջը, ինչպես երկիրը՝ արեգակի, չէ՞ որ բոլորն էլ լուսավորվելու իրավունք ունեն, մեկ այս, մեկ՝ այն կողմից, իսկ մենք էլ  ի բնե, ի սկզբանե ստեղծված ենք նրանց լուսավորելու համար, և էլ ու՞մ ենք մենք պետք, եթե դադարենք նրանց լուսավորել՝ մեր, իրենց, մնացած ավելորդ ու անկարևոր մարդկանց ներկայությունից ու գոյությունից անկախ, աշխարհից ու իրադարձությունից անկախ, կյանքի ճիշտ ու սխալ ուղիներից, ճակատագիր կոչվածից, արգելված պտուղներից ու մեր կողմնորոշումից անկախ:Մենք ծնվել  ենք հստակ առաքելությամբ:

 Չէ~, իսկ մենք չենք ուզում, որ մեր շուրջը ամեն պատահած մոլորակ պտտվի, մեր սրտով չի, երբ պետք է լույս տանք, բայց մեր չուզած, չսիրած մարդուն ու անգամ կապ չունի, որ նա թեկուզ շատ է ուզում լուսավորվել: Բայց մեր շուրջը պտտվում են միայն մեր ուղեծրի մոլորակները, իսկ նրանց կանոնավոր օղակում ոչ մի  ավելորդ բան չի հայտնվում:

Մոլորակները մեզ չպետք է նեղացնեն, չպետք է շեղվեն իրենց ուղեծրից...լուսավորվեք,բայց մի մոռացեք խավարումների մասին:

 

Աստղիկ Բաբայան, իրավագիտություն, 2-րդ կուրս