Արցախի պետական համալսարան

Երկնամերձ լեռներ, որոնց գագաթներին հանգրվանում են ամպեր թափառական, իսկ լանջերին անտառներ են՝ տնկված «ձեռքով Արայի» (նրա հոգում չէին խամրել դրախտի մասին հիշողությունները, ով իր մտքի ուժով, աշխատասիրությամբ նոր դրախտի հիմքերն էր դրել)։ Աղբյուրներ կարկաչուն, սառնորակ, անուշաջուր, որ բխում են այդ լեռների ստորոտներից և քարեքար թռչկոտելով դառնում են գետեր՝ աղբյուրներ լույսի, կյանք տալիս դրախտային այգիների, արտերին ծփուն։

Ժողովուրդ հպարտ, ազատատենչ, աշխատասեր, արարող։ Այս է իմ հայրենին, որ նախապապիս անունով կոչվում է Արցախ։

Հող իմ հայրենի, հայ ժողովրդի ձեռամբ կերտած, դրախտային այգի՝ զավակներիդ արյամբ ու քրտինքով ոռոգված, փայլում ես ինչպես անեղծ ադամանդ։ Փայլիցդ գերված մոտ ու հեռու ավարառու ցեղեր ցանկացան տիրել քեզ, խլել քեզ քո զավակներից՝ զենքով, զոռով, խաբեությամբ՝ ինչով ասես, ինչքան կարող էին։ Նրանց թվում էր, թե քեզ տիրելով աշխարհին կտիրեն՝ քանզի իրենք էլ գիտեն, հասկանում են՝ դու ես աշխարհին տիրելու բանալին։ Բայց նրանց, որ սեփական մտքի ուժով միայն ավերել ու ավարել գիտեն հասու չէ հասկանալ, որ քեզ տիրոջ պես սիրող, խնամող, քեզ համար կյանքը տալու պատրաստ ժողովրդից խլել անկարող են։

Դու եղել ես, կաս, կլինես ծաղկուն եդեմական այգի միայն շնորհիվ քո զավակների, որ դուք առանց մեկդ մյուսի գոյություն ունենալ չեք կարող։

Նրանց հասու չէ հասկանալ, որ քո փայլը նրանք են՝ քո սնած, քո ծոցից ելած հայորդիք, ում քո գրկում եղած արմատներն են ապահովում «տերևների ոսկին»։

Ես քո մասնիկն եմ, քո զավակը՝ հողիցդ սերված, արևովդ թրծված, պատմությանդ բովով անցած: Անունս Արցախ է...

Ռուզաննա Սահակյան, «Մաթեմատիկա», 3-րդ կուրս