Արցախի պետական համալսարան

Արցախի պետական համալսարանում այս օրերին ընթանում են առաջին կիսամյակի քննաշրջանի 2-րդ ընթացիկ ստուգումները, որոնք մեկնարկել են դեկտեմբերի 13-ին և կտևեն մինչև դեկտեմբերի 24-ը:

Համավարակային իրավիճակով պայմանավորված՝  քննասենյակ մտնող մեծ խմբերը կիսվում են, որպեսզի պահպանվեն հակահամաճարակային սահմանված կանոնները:

«Աշխատանքները կազմակերպում ենք այնպես, որպեսզի քննական դահլիճում պահպանվեն համավարակի տարածումը կանխարգելող սահմանված բոլոր կանոնները, այդ թվում ուշադրություն ենք դարձնում հատկապես այն փաստին, որ 40-ից ավելի ուսանող չլինի դահլիճում, որպեսզի  հնարավոր լինի պահպանել սոցիալական հեռավորությունը»,-ասել է ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետ Գոհար Գասպարյանը՝ հավելելով, որ պարբերաբար, ըստ սահմանված կանոնների, ախտահանվում են դահլիճը և այնտեղ առկա իրերը:

ՈւԳՎ պատասխանատուի խոսքով՝ քննաշրջանն անցնում է բնականոն հունով, որևէ էական խնդիր չի արձանագրվել, արձանագրված խնդիրները տեխնիկական բնույթի են եղել, որոնք տեղում լուծվել են համակարգչային սպասարկման բաժնի աշխատակիցների կողմից:

Ընթացիկ փուլի ստուգումները կազմակերպվում են համակարգչային եղանակով՝ թեստային մեթոդով: Յուրաքանչյուր տարի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուղղորդմամբ ու վերահսկմամբ վերանայվում են թեստերը, թարմացվում, նախորդ տարիներին նկատված թերացումները շտկվում ու տարեցտարի կատարելագործում: