Արցախի պետական համալսարան
 
Այսօր տեղի է ունեցել առցանց հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հավաքագրման մասնագետ Արևիկ Պռազյանի հետ, որին մասնակցում էին ԱրՊՀ մանկավարժական ուղղվածության մասնագիտությամբ սովորող 4-րդ կուրսերի ուսանողներ։
Հանդիպման ընթացքում Արցախի պետական համալսարանի ուսանողներին է ներկայացվել հիմնադրամի գործունեությունը եւ Առաջնորդության զարգացման ծրագիրը։
 
Խոսելով ծրագրի մասնակիցների փորձից՝ Ա. Պռազյանը նշել է, որ «Դասավանդի’ր, Հայաստան»-ը լայն հնարավորություններ է ընձեռում և’ մասնագիտական, և’ անձնային աճի համար, ինչպես նաև նպաստում համայնքային զարգացմանը։
««Դասավանդի’ր, Հայաստան»-ը հնարավորություն է ընձեռում բանավոր հայրենասիրությունից անցնել գործնական հայրենասիրության: Բացի կրթական գործունեությունից՝ ծրագրի մասնակիցները նաև վեր են հանում համայնքային կարիքները և տարբեր ծրագրերով հնարավորինս նպաստում առկա խնդիրների լուծմանն ու համայնքների զարգացմանը»,- նշել է հիմնադրամի ներկայացուցիչը։
Հանդիպման ընթացքում Ա. Պռազյանը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, իսկ վերջում այն ուսանողները, ովքեր ծրագրին միանալու ցանկություն ունեն, լրացրել են հայտադիմումներ։