Արցախի պետական համալսարան

Արցախում անվտանգային, քաղաքական, հոգեբանական-տեղեկատվական հետպատերազմյան հետևանքները մեղմելու համար Հայաստանի Հանրապետության և Արցախի  Հանրապետության կողմից իրականացվում են սոցիալական աջակցության լայնածավալ ծրագրեր։

Այս ամենին զուգահեռ, սակայն, սպառողական շուկայում մասնավորապես մի շարք հիմնական ապրանքատեսակների մասով գնաճ է նկատվում։

Գնաճի պատճառներն ու հետևանքները պարզելու համար հարցում ենք անցկացրել սպառողների շրջանում, նաև հանդիպումներ ունեցել պատասխանատու մարմինների հետ։

Մարդկանց մեծամասնության կարծիքով սպառողական զամբյուղից միայն ձեթի, շաքարավազի, մսի, ձավարեղենի գնաճ է նկատվել, որոշների կարծիքով թանկացել են բանջարեղենը, ձուն, երշիկեղենը, մի ստվար զանգված էլ նշում է, որ ամեն ինչն է թանկացել։ Հարցին, թե երբ սկսեցին գների կտրուկ աճ նկատել, մարդիկ միանգամից են պատասխանում`պատերազմից հետո։ Շատերը չգիտեն, թե ինչը կարող էր գնաճի պատճառ հանդիսանալ, իսկ ոմանք գների բարձրացումը պայմանավորում են մի քանի պատճառներով` ներմուծված ապրանքների պակաս, երաշտ, ուշացումներ անցակետերում, գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց պակաս և այլն։

Ըստ ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հրապարակած տվյալների` միջին գնաճ է արձանագրվել ձեթի, շաքարավազի, ձավարեղենի, ալյուրի, բանջարեղենի, ձվի, պանրի ապրանքատեսակների համար։ Իսկ գնաճի պատճառներն ու հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացվում են համապատասխան ուսումնասիրություննեը։

ԱՀ նախագահը, խորհրդակցություններից մեկի ընթացքում, հայտարարել է, որ եկող տարվա հունվարի 1-ից նախատեսվում է աշխատավարձերի, թոշակների, նպաստների 20%-ով բարձրացում։ Այս կապակցությամբ քաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ եկամուտների աճին զուգահեռ կրկին կբարձրանան մի շարք ապրանքատեսակների գները։ Կան նաև այնպիսիք, ովքեր լավատեսորեն են տրամադրված և կարծում են, որ այդպիսով կբարձրանա իրենց կյանքի որակը։

Այդինյան Անահիտ, Մոսիյան Էթերի

«Լրագրություն» 3-րդ կուրսի ուսանողուհիներ