Արցախի պետական համալսարան

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունքում թշնամու օկկուպացիայի տակ են հայտնվել Շուշի քաղաքը, Հադրութի շրջանը, Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու որոշ գյուղեր։ Բնակչության մի մասն ապաստանել է Հայաստանում և արտերկրում, իսկ մնացածները` Արցախում։

Հարցմամբ փորձեցինք պարզել, թե Արցախում ապրող տեղահանված և չտեղահանված բնակչությունը ապագայի ինչ պատկերացում և տեսլական ունի։

Տեղահանված բնակչության մի մասը՝ մեծամասամբ Հադրութի շրջանից և Շուշիից, անվտանգության խնդիրներ է տեսնում, մյուս մասը գտնում է, որ ռուս խաղաղապահները այստեղ են, որպեսզի մենք անվտանգ ապենք մեր հողում։ Տեղահանվածներին հիմնականում պակասում է աշխատանքը, տունը, իսկ մյուս մասին անհանգստացնում  է հայրենիքը, խաղաղությունը, անվտանգությունը։

Հարցվածների մեծամասնությանը Արցախում պահում է հայրենասիրությունը, մնացածներին էլ` աշխատանքը (հիմնականում զինծառայողներ), ընտանիքը, ուսումը։ Հարցվածների մեծ մասը, ովքեր հիմնականում երիտասարդներ են, չեն պատրաստվում տեղափոխվել Արցախից, որովհետև սիրում են իրենց հայրենիքը, ուրիշ տեղ ապրել չեն կարող և չեն էլ ուզում։ Շատ քիչ մասը ցանկանում է հեռանալ Արցախից, քանի որ անվտանգային երաշխիքներ չկան։

Տեղահանվածների մեծամասնությունը լավատեսորեն է տրամադրված Արցախի ապագայի նկատմամբ, հույս ունեն, որ կվերադառնան իրենց նախկին բնակավայրերը,  մյուս մասը այս անորոշ վիճակում չի պատկերացնում, թե ինչպիսի ապագա կունենա Արցախը։

Ստեփանակերտում ապրող չտեղահանված բնակիչների մի մասը Արցախում իրեն ապահով չի զգում, սպասում է նոր պատերազմի, դժգոհ է ղեկավարությունից։ Մնացածների համար ևս ապահով է ռուս խաղաղապահների շնորհիվ։

Արցախում հիմնականում մնում են, որովհետև սիրում են իրենց հայրենիքը, չեն պատրաստվում թողնել-հեռանալ։ Փոքր մասին Արցախում պահում է ուսումը և ընտանիքը։ Մեծամասնությունը հույս ունի, որ հետ կվերադարձնենք կորցրած հողերը և կունենանք առաջվա Արցախը։

Հարցվածների մեծամասնությունը մտադրված չէ հեռանալ Արցախից, որովհետև իրենց տունն ու հայրենիքը այստեղ է, ուրիշ տեղ չեն ուզում ապրել։ Մի փոքր մասը, ովքեր հիմնականում իգական սեռի ներկայացուցիչներ են և 18-30 տարիքային խմբին են պատկանում, պատրաստվում են տեղափոխվել Արցախից ամուսնանալու կապակցությամբ։

Փաստորեն, հարցվածների մեծամասնությունը, չնայած անհանգստացնող խնդիրների առկայությանը, չի պատրաստվում հեռանալ Արցախից, որովհետև  իրենց հայրենիքն է, այստեղ են հանգչում հերոս տղաների աճյունները, մայր հողը` ներկված հերոսների արյամբ, որը ոչ մի դեպքում չի կարելի ուրանալ։

Ալյոնա Ավագիմյան, Մարսելա Ստեփանյան

«Լրագրություն» 3-րդ կուրսի ուսանողուհիներ