Արցախի պետական համալսարան

Ամփոփվել են հոկտեմբերի 28-ին ԱրՊՀ-ում  բնագիտական ֆակուլտետի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի կողմից կազմակերպված ծրագրավորման օլիմպիադայի արդյունքները, որին մասնակցում էին քոլեջի ուսանողներ և հանրակրթական դպրոցների աշակերտներ ԱՀ-ից ու ՀՀ-ից:

Օլիմպիադան նախաձեռնել էին ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ Վազգեն Առստամյանը, ամբիոնի դասախոսներ Արթուր Մնացականյանը, Անուշ Հարությունյանը, Շողեր Գրիգորյանը և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Արգինե Սարգսյանը:

Արդեն 6-րդ անգամ անցկացվող օլիմպիադան այս տարի իրականացվել էր առկա և առցանց եղանակով՝ ապահովելով մասնակցություն նաև հեռավար տարբերակով:  Մասնակիցներին առաջադրվել էին հայերեն ձևակերպված ալգորիթմական խնդիրներ:

Օլիմպիադայի բոլոր մասնակիցները ԱրՊՀ կողմից պարգևատրվել են պատվոգրերով, իսկ բարձր ակտիվություն ցուցաբերած  երկու մասնակից՝ համալսարանի կողմից պատվոգրերով, ամբիոնի վարիչ Վազգեն Առստամյանի կողմից՝ նվերներով:

Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ Վ. Առստամյանի խոսքով օլիմպիադայի նպատակն էր նպաստել ապագա դիմորդների մասնագիտական կողմնորոշման ուղղորդմանը, ինչպես նաև ակտիվացնել հետաքրքրությունը մասնագիտության նկատմամբ: