Սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ գործընկերներ․
Պատմություն է դառնում մաքառումներով լեցուն, մեր հայրենիքում արժանապատվորեն ապրելու և հայեցի կյանքի շարունակականություն ապահովելու համար պայքարի ևս մեկ տարի։ Այո, պայքար բոլոր ուղղություններում, պայքար՝ ավերվածը կառուցելու, կորցրածը վերագտնելու, հաշմվածը վերականգնելու, փշրվածը նորոգելու, ունեցածը զարգացնելու ու կատարելագործելու համար ․․․
Մեր համատեղ պայքարը կրթության ու գիտության բնագավառում, հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ անցնող տարում արգասաբեր էր ու արժանապատիվ։ Պատերազմի կործանարար հետևանքները հաղթահարելուն զուգահեռ մենք միասին իրականացրեցինք Արցախի պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման անհրաժեշտ բոլոր աշխատանքները, և բուհը հաջողությամբ հավատարմագրվեց ՀՀ Որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից, ինչը աննախադեպ իրադարձություն է ԱրՊՀ պատմության ընթացքում, և այն որակական նոր էջ կբացի Արցախի մայր բուհի կրթագիտական կյանքի զարգացման գործում։
Անցնող տարում շարունակվեցին նաև ԱրՊՀ գլխավոր մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները և մտան ավարտական փուլ։ Նոր տարում համալսարանականների առջև իր դռները կբացի ժամանակակից չափանիշներին համապատասխան պայմաններ ունեցող Մայր բուհի գլխավոր մասնաշենքը, ինչը ևս մեծ իրադարձություն կլինի մեր կյանքում։
Կյանքի բնականոն փուլ վերադառնալուն ուղղված մեր բոլոր աշխատանքները կատարվում են նաև մեր անմահացած հերոսների կատարած սխրանքի հրամայականով։
Նրանք չվարանեցին հանուն հայրենիքի պաշտպանության իրենց կյանքերը դնել զոհասեղանին, մենք ևս իրավունք չունենք շեղվելու մեր երթից, յուրաքանչյուրս մեր ստանձնած առաքելությունից ու պարտականությունից․ ուսանողը նոր գիտելիքներ ձեռքբերելով, դասախոսը իր կրթագիտական գործունեությունը լիարժեք իրականացնելով, ու այդպես հայրենիքը կապրի, միասին կապրեցնենք մեր հերոսների արյան գնով փրկված Արցախը։
Հավերժ փառք և պատիվ պատերազմներում հավերժի ճամփորդ դարձած մեր հերոսներին, խոնարհումս նրանց հարազատներին․․․
Մաղթում եմ, որ նոր տարում այլևս ոչ մի դաս կիսատ չմնա պատերազմի պատճառով, ոչ մի ուսանող կիսատ չթողնի ուսումը` զենքը ձեռքին ռազմադաշտ մեկնելու համար: Թող այսուհետ համալսարանականները սխրանքներ արձանագրեն կրթության, գիտության ոլորտում և խաղաղ պայմաններում: Բոլորիդ մաղթում եմ առողջություն, անվտանգ ու բարեկեցիկ կյանք: Խաղաղություն բոլորիդ ընտանիքներին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
30 Դեկտեմբեր 2021