Արցախի պետական համալսարան

Համաձայն գիտխորհրդի կողմից հաստատված ուսումնական գործունեության օրացույցի՝ հունվարի 20-ին Արցախի պետական համալսարանում կազմակերպվել են հեռակա ուսուցման համակարգի մագիստրոսական թեզերի պաշտպանությունները:

Բնագիտական, պատմության և իրավագիտության, մանկավարժության և սպորտի ֆակուլտետները 2021-2022 ուսումնական տարում թողարկում են հեռակա ուսուցման համակարգի 12 մագիստրանտ, ովքեր այսօր հաջողությամբ պաշտպանել են իրենց մագիստրոսական թեզերը:
Բնագիտական ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Վոլոդյա Միրզոյանը, խոսելով թեզերի պաշտպանության ընթացքից, այն գնահատել է բավարար՝ նշելով, որ ներկայացված թեզերը համապատասխանում էին կանոնակարգով պահանջվող չափանիշներին, թեմաներն արդիական էին և ունեին գիտագործնական նշանակություն:
«Հաշվի առնելով թեմաների արդիականություն ու հետազոտությունների որակը՝ հանձնաժողովի կողմից նույնիսկ հնչել է առաջարկություն թեզերը ներկայացնել նաև գիտական հոդվածների տեսքով և տպագրել գիտական պարբերականներում»,-ասել է Վ.Միրզոյանը:
Մանկավարժության և սպորտի ֆակուլտետն այս տարի հեռակա ուսուցման համակարգի մագիստրատուրայում թողարկում է շրջանավարտներ «Հատուկ մանկավարժություն» մասնագիտացմամբ: Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիտյա Յարամիշյանի խոսքով՝ մագիստրանտները մագիստրոսական թեզերի պաշտպանության ընթացքում ցուցաբերել են կայուն և խորը մասնագիտական գիտելիքներ:
«Հատուկ մանկավարժներն այսօր պահանջված են մեր հասարակությունում, մանավանդ՝ պատերազմից հետո: Այսօրվա մեր շրջանավարտները կհամալրեն հատուկ մանկավարժների շարքերը և կկարողանան իրենց ստացած գիտելիքներով նպաստել ոլորտի խնդիրների լուծմանը»,-նշել է Վ. Յարամիշյանը: