Արցախի պետական համալսարան

Փետրվարի 7-ից մեկնարկել են 2021-2022 ուսումնական տարվա առկա ուսուցման համակարգի 2-րդ կիսամյակի պարապմունքները երկհերթ եղանակով: Առաջին հերթով կազմակերպվում են բանասիրական, մանկավարժության և սպորտի ֆակուլտետների, իսկ երկրորդ հերթով՝ տնտեսագիտության, բնագիտական, պատմության և իրավագիտության ֆակուլտետների պարապմունքները:

Ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետ Գոհար Գասպարյանի խոսքով՝ պարապմունքներին ընդառաջ իրականացվել են բոլոր անհրաժեշտ աշխատանքները. ֆակուլտետների դեկանները ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի հաստատմանն են ներկայացրել դասացուցակները, կատարվել են լսարանների տեղաբաշխման աշխատանքները, աշխատանքներ են ընթացել նաև ուսումնական նյութերը էլեկտրոնային ուսուցման հարթակում ներբեռնելու ուղղությամբ:
ԱրՊՀ ՈԱԿ վարիչ Շուշանիկ Սաղյանի խոսքով՝ Classroom | Google for Education հարթակում առկա են էլեկտրոնային դասացուցակները, յուրաքանչյուր դասընթացի դասախոսությունների փաթեթը, առարկայական նկարագիրը և ուսումնական անհրաժեշտ այլ նյութեր, նյութերը հարթակ ներբեռնելու գործընթացը ամբողջությամբ ավարտին կհասցվի մինչև փետրվարի 14-ը:
Առաջին օրվա առաջին հերթի հաճախումների ուսումնասիրության արդյունքների վերլուծությունը, ըստ ՈՒԳՎ պետի, գոհացուցիչ է:
«Ուսանողների հաճախումները գնահատվում են բավարար, ՈՒԳՎ բաժնի կողմից ներկայումս կատարվում են ՄՈԳ-երի հաշվարկման վերահսկման աշխատանքներ, ուսումնական գործընթացի առումով ևս համապատասխան վերահսկման աշխատանքներն ընթանում են յուրաքանչյուր օրվա կտրվածքով: Առաջին օրվա տվյալներով ուսումնական գործընթացն ընթանում է բնականոն հունով, խոչընդոտներ և լուրջ խնդիրներ չեն արձանագրվել»,-նշել է ՈՒԳՎ բաժնի պետ Գ. Գասպարյանը: