Արցախի պետական համալսարան

Փետրվարի 17-ին ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետում տեղի է ունեցել կլոր-սեղան-քննարկում՝ դասախոսների, ուսանողների և հրավիրված մասնագետների մասնակցությամբ: Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, մ.գ.թ. Արմինե Բաղդասարյանի նախաձեռնած քննարկումը վերաբերում էր հեռավար ուսուցման մարտահրավերներին: Մասնակից մասնագետները և ուսանողները տարբեր տեսանկյուններից քննարկել են առկա խնդիրները, մատնանշել առավելություններն ու թերությունները, խնդիրների լուծման ուղիները:

Որակի ապահովման կենտրոնի վարիչ Շուշանիկ Սաղյանը ներկայացրել է հարցը՝ որակի շարունակական բարելավման անհրաժեշտության տեսանկյունից, ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը՝ աշխատանքների կազմակերպչական մասի հետ կապված հարցերը, հ.գ.թ., պրոֆեսոր Արզիկ Մխիթարյանը ներկայացրել է քննարկվող հարցի հոգեբանական կողմը, ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետ Գոհար Գասպարյանը խոսել է վերահսկման ընթացքում ի հայտ բերված խնդիրների մասին, ՏՏ և համակարգերի սպասարկման բաժնի պետ Էրիկ Ղահրամանյանը ներկայացրել է խնդրի տեխնիկական կազմակերպման և համակարգերի սպասարկման աշխատանքներին վերաբերող մասը, մյուս մասնակիցները ևս իրենց տեսակետներն են հայտնել հեռավար կրթության մասին:
 
«Հեռավար կրթությունը մի գործիքակազմ է՝ ավանդականի հետ միասին ուսումնական գործընթացի լիարժեք իրականացման համար»,-նշել է ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը:
«Ուղիղ մեկ տարի է, որ գիտխորհրդի կողմից հաստատվել է հեռավար կրթության կազմակերպման կարգը, և մենք առաջնորդվում ենք գործընթացը կանոնակարգող կարգով՝ ի հայտ եկող խնդիրներին տալով իրավիճակային լուծումներ: Այդ համակարգը թույլ է տվել ապահովել կրթության շարունակականության անընդհատականությունը ծանր ժամանակաշրջաններում: Մեկ տարվա փորձով ամփոփել ենք առկա խնդիրները՝ փորձելով առաջարկություններ ներկայացնել դրանց լուծման ուղղությամբ»,-նշել է ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը՝ անհրաժեշտ համարելով ստորաբաժանումների, դասախոսների կողմից աշխատանքների արդյունավետության բարձրացումը՝ ուսումնական անհրաժեշտ նյութերը լիարժեքորեն հեռավար ուսուցման հարթակ ներբեռնելու համար, առաջարկել է հեռավար ուսուցման Classroom | Google for Education հարթակն օգտագործել նաև ավանդական ուսուցման ժամանակ ՝ ուսանողին լրացուցիչ գիտելիք տալու համար: Դեկանը կարևոր է համարում նաև ուղեցույցի մշակումով կամ կանոնակարգային դրույթով սահմանել հեռավար պարապմունքի ընթացքում ուսանողի վարքականոնային, ուսանող-դասախոս հետադարձ կապի ապահովման հարցերը, ինչը կնպաստի հեռավար ուսուցման արդյունավետության բարձրացմանը: