Արցախի պետական համալսարան

Փետրվարի 18-ին ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավունքի ամբիոնի դասախոս, ի.գ.թ., դոցենտ Ռիտա Առուստամյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են գիտական ընթերցումներ՝ նվիրված 2017 թ. փետրվարի 20-ին ընդունված ԱՀ Սահմանադրության օրվան, որի ընթացքում «Իրավագիտություն» մասնագիտության 2-րդ և 4-րդ կուրսերի ուսանողները հանդես են եկել գիտական զեկուցումներով արդիական նշանակություն ունեցող խնդիրների շուրջ:

Ողջունելով ներկաներին՝ իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.թ. Տաթևիկ Գևորգյանը խոսել է օրվա խորհրդի և Սահմանադրության կարևորության մասին:

«Սահմանադրությունը մեր երկրի, մեր պետականության, իրավականության, մեր ինքնուրույնության հիմնական խորհրդանիշն է հանդիսանում: Սահմանադրությունը նաև յուրաքանչյուր պետության անձնագիրն է: Մենք ունենք այդ անձնագիրը և պետք է անենք ամեն ինչ, որպեսզի մեր իրավունքները, ազատությունները օրենքով սահմանված կարգով պաշտպանվեն ստեղծված ծանր ու բարդ իրավիճակում»,-նշել է Տաթևիկ Գևորգյանը:

«Սահմանադրությունն ապահովում է մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Սահմանադրությունն ընդունվում է ժողովրդի կողմից ժողովրդի համար: Այն ամրագրում է ժողովրդի և պետության կապը: Իրավունքը, կորցնելով իր արժեքը, կորցնում է նաև իր ուժը՝ իրավունքի ուժը: Յուրաքանչյուր տարի իրավունքի ամբիոնը տարբեր ձևաչափերով՝ կլոր սեղան-քննարկում, դատախաղ, այցելություններ դպրոցներ և այլն, անդրադառնում է Սահմանադրությանը և նպաստում հասարակության իրավագիտակցության բարձրացմանը»,-նշել է Ռ. Առուստամյանը՝ հավելելով, որ այս տարի ընտրել են գիտական ընթերցումների ձևաչափը:

Միջոցառման ընթացքում Ռ. Առուստամյանի ղեկավարությամբ զեկուցումներով հանդես են եկել ուսանողներ Սնեժանա Թամրազյանը՝ «Քննիչ հանձնաժողովը ԱՀ և ՀՀ Սահմանադրություններում», Արա Սարգսյանը՝ «Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը», Աստղիկ Բաբայանը՝ «Տեղական ինքնակառավարումը հետպատերազմյա Արցախում», Վլադիմիր Մարտիրոսյանը՝ «Մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումները ռազմական դրության ժամանակ», Մարգարիտա Ստեփանյանը՝ «Մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների սահմանափակմանը ներկայացնող պահանջները ԱՀ Սահմանադրության մեջ» (ղեկավար՝ Արմինե Դանիելյան) թեմաներով:

«ԱՀ ՄԻՊ ինստիտուտը ամբողջությամբ իրեն բացահայտել է պատերազմի ընթացքում և  հետպատերազմյան շրջանում։ Նրա դերը էլ ավելի է բարձրացվել և մինչ օրս էլ ԱՀ ՄԻՊ-ը անդրադառնում է Ադրբեջանի կողմից իրականացվող բոլոր խախտումներին և նպաստում դրանց նկատմամբ միջազգային հանրության կողմից արձագանքելուն՝ համագործակցելով ինչպես ՀՀ ՄԻՊ-ի, այնպես էլ միջազգային կառույցների հետ, որի արդյունքում հրապարակվել ու միջազգային տարբեր կառույցների են ներկայացվել տասնյակ զեկույցներ»,-խոսելով ԱՀ ՄԻՊ-ի մասին՝  նշել է Արա Սարգսյանը։

«Մենք՝ որպես հասարակություն, պետք է բարձրաձայնենք պետությունում առկա խնդիրները և առաջարկենք համապարփակ  ու ընդունելի լուծումներ: Դրա համար մեզ պետք է բարձր իրավագիտակցություն։ Իսկ քննիչ հանձնաժողովները պետք է ծառայեն ոչ թե իշխանությանը, այլ՝ պետությանն ու  ժողովրդին:  Նրանք պետք է լուրջ մոտենան այս գործընթացին, որ հանրությունը իմանա միայն ճշմարիտը, ու երկիրն էլ ընթանա օրինական և արդար զարգացման ճանապարհով»,-նշել է Սնեժանա Թամրազյանը:

Գիտական զեկուցումներն ուղեկցվել են հարցերով ու քննարկումներով: