Արցախի պետական համալսարան

Հայ ժողովրդի կյանքում փետրվարյան հիշարժան օրերը՝ Արցախյան շարժման 34-ամյակ, Հովհաննես Թումանյանի ծննդյան օր, Գիրք նվիրելու տոն և Մայրենիի օր, բանասիրական ֆակուլտետի «Դպրատուն» գրական խմբակի սաները դարձրել են այսօր կազմակերպված գրական-գեղարվեստական միջոցառման առիթ: Միջոցառումը նախաձեռնել է գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ  Զինաիդա Բալայանը՝«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ սովորող 1-ին և 3-րդ կուրսերի ուսանողների մասնակցությամբ: Միջոցառումը մեկնարկել է խոնարհումի և հարգանքի արարողությամբ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում անմահացած մեր հերոս ուսանողների:

«Հայ ժողովուրդը հեղինակ է քաղաքակրթական բարձր արժեքների: Գրերի գյուտից հետո սկսեց  բուռն զարգացում ապրել հայ գրականությունը, թարգմանական արվեստը, պատմագրությունը: Մեր ժողովրդի տարեգրության մեջ փետրվար ամիսը հարուստ է նշանակալի իրադարձություններով, որոնց անդրադառնալով՝ մեկ անգամ ևս արժևորում ենք և սերունդների մեջ ամրապնդում հայոց ազգային արժեքները»,-նշել է Զ. Բալայանը:

Միջոցառման ընթացքում ուսանողները ասմունքել են Հովհաննես Թումանյանի և հայ մյուս մեծերի ստեղծագործություններից, հնչեցրել մեծերի իմաստուն մտքերից, հանդես եկել երաժշտական ու պարային կատարումներով:

«Միանգամից թե՛ Հովհաննես  Թումանյանի ծննդյան օրը, թե՛ Գիրք նվիրելու օրը առիթ հանդիսացան մեկ անգամ ևս հաղորդակցվելու  հայ գրականության մեծերի երգերի հմայքին՝ գտնելով, որ ոսկեղենիկ հայերենը, հայրենապահությունը, գրասիրությունը, ազգային սթափ մտածողությունը մեր լինելիության խորհուրդն են»,-նշել է ուսանողուհի Գոհար Հայրապետյանը:

Բ.գ.դ., պրոֆեսոր Սոկրատ Խանյանն իր խոսքում, դիմելով ուսանողներին, հորդորել է օգտագործել ժամանակը՝  գիտելիքներ ամբարելու համար, որովհետև, նրա խոսքով, այսօրվա ուսանողը վաղը դառնալու է ապագա սերունդներին ճշմարիտ ճանապարհով ուղղորդող ջահակիրը:

«Այս սերունդն ավելի հայրենատեր է լինելու: Ես հավատում եմ, որ ունենալու ենք  այն հույսի, լույսի և հզոր հայրենիքը, որի մասին Թումանյանն էր գրել»,-ասել է ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Նոնա Դավթյանը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին:

Ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Մարգարյանը ևս  շնորհակալություն է հայտնել ուսանողներին և դասախոսներին՝ միջոցառման համար՝ նշելով. «Թումանյանի ասած՝ «Էսպես չի մնա...», թող գա այն գալիքը, որին մենք ենք արժանի, թող գա մեր ժողովրդի համար պայծառ գալիքը»:

Միջոցառման ընթացքում դասախոսները գրքեր են նվիրել ուսանողներին: