Արցախի պետական համալսարան

Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ ԱրՊՀ-ն նախաձեռնել է հանդիպում պատերազմի բովով անցած մի խումբ սպաների ու զինվորների հետ, որին մասնակցում էին  բուհի  ուսանողները:  Հանդիպումը յուրահատուկ հայրենասիրության դաս էր, որի բանախոսները պատերազմի դաժանություններն անձամբ զգացած ու հերոսությունների իրենց բաժինը կերտած մարդիկ էին, ովքեր պատերազմի մասին պատմում էին իրենց տեսածով, զգացածով ու հայրենիքի համար կատարած իրենց ծառայությամբ: Տղաներ, ովքեր քչախոս են իրենց կատարածի մասին, բայց մեծություն՝ իրենց սխրանքներով:

Միջոցառումը մեկնարկել է հարգանքի տուրքով՝ ի հիշատակ պատերազմներում անմահացած հերոս նահատակների: ԱրՊՀ-ից  հանուն հայրենիքի պաշտպանության Արցախյան առաջին պատերազմում անմահացել է 72 ուսանող, ևս երեքը՝ ապրիլյանի և դրան նախորդած սրացումների ժամանակ, իսկ 44-օրյա պատերազմում հավերժի ճամփորդ դարձավ 26 ուսանող:

Ողջունելով ներկաներին՝ ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը խոսել է  հայրենյաց պաշտպանի օրվա խորհրդի մասին  և նշել, որ նման օրերը պետք է դարձնել առիթ՝ մեկ անգամ ևս արժևորելու հայրենիքի պաշտպանի դերը և սերունդներին դաստիարակելու հայրենապահ ու հայրենատեր լինելու կամքով:

Հրավիրվածներից պահեստազորի մայոր Նվեր Լազարյանը Արցախյան երեք պատերազմների մասնակից է: Պատմում է, որ երբ սկսվեց առաջին պատերազմը, 18 տարեկան էր դեռ, այդ ժամանակ չկար կանոնադրություն, օրենսդրական պարտավորվածություն, այլ կար կամք և հոգու պարտք՝ զինվորագրվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Կամավորագրվեց և ունեցավ իր բաժին հաղթանակը, այդպես կամավորագրվեց  նաև Ապրիլյան ու 44-օրյա պատերազմների ժամանակ՝ աշխատելով հանրակրթական դպրոցում որպես զինղեկ:  Հայրենիքի համար կատարած ծառայության համար նա արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Այժմ շարունակում է իր ծառայությունը հայրենիքին Ստեփանակերտի համար 12 հիմնական դպրոցում՝ որպես զինղեկ՝  սաներին ռազմագիտություն և հայրենասիրություն ուսուցանելով:

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, փոխգնդապետ Պարգև Մարտիրոսյանն իր խոսքում  նշել է, որ 44-օրյա պատերազմի բոլոր մասնակիցները հերոսներ են, նրանք բոլորն էլ կռվել են «Ոչ մի քայլ հետ» սկզբունքով: Նրա խոսքով՝ ՊԲ-ն այսօր էլ կատարում է իր առջև դրված խնդիրները, պատերազմից հետո կատարել են հետևություններ և աշխատում են առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

Միջոցառմանը հրավիրված զինվորները երկու ամսվա զինծառայողներ էին, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Մարտեր են մղել պատերազմի ամենաթեժ կետերում, աչքի ընկել սխրանքներով, արիության ու մարտական ծառայության համար արժանացել պետական պարգևների:

Վահե Խաչատրյանը պատմում է, որ հայրենիքի պաշտպանության սրբազան պարտքի գիտակցումով են մասնակցել պատերազմին, կատարել իրենց առջև դրված խնդիրները, դուրս եկել շրջափակումից:

«Ոչ մի զինվոր չի պարտվել, բոլորն էլ հերոսներ են: Կցանկանայի, որ ավելի միասնական լինենք, համախմբված: Եթե միասնական լինենք, ավելի ուժեղ կլինենք, ու ոչ մի թշնամի չի կարող մեզ հաղթել»,-նշել է նա:

«Հպարտ եմ, որ ծառայում եմ հայրենիքիս, որ մասնակցել եմ պատերազմին: Եթե անհրաժեշտություն լինի, պատրաստ եմ կրկին մասնակցել և իմ ներդրումն ունենալ հայրենիքի պաշտպանության սուրբ գործում»,-նշել է զինծառայող Նարեկ Սամվելյանը, ով ևս 44-օրյայի ժամանակ մասնակցում էր թեժ մարտերի՝ կատարելով սխրագործություններ

Վաղինակ Աբրահամյանը, մասնակցելով թեժ մարտերի,  Շուշիում երեք օր շրջափակման մեջ է գտնվել. ճեղքելով շրջափակումը՝ դուրս է եկել՝ իր հետ դուրս բերելով ու փրկելով նաև վիրավոր ընկերոջը:

«Այդ օրերին հրաշք էր ողջ մնալը: Չէինք պատկերացնում, որ ողջ կմնանք...Միշտ էլ պատրաստ եմ ծառայել հայրենիքիս»,-ասում է նա:

Ուսանողների անունից հայրենյաց պաշտպանների տոնը շնորհավորել է ԱրՊՀ ուսանող Յուրա Մարգարյանը, ով ևս պատերազմի օրերին ժամկետային զինծառայող էր ու մասնակցում էր պատերազմին:

«Ես հիմա էլ շարունակում եմ հայրենիքս պաշտպանել՝ զինվելով գիտելիքներով, որը կծառայեցնեմ ի շահ մեր ազգի և պետականության բարգավաճման»,-նշել է Յուրա Մարգարյանը՝ տեղեկացնելով, որ ուսխորհրդում բացվել է մարտական ակումբ, որին կարող են անդամակցել ոչ միայն տղաներ, այլ նաև՝ աղջիկներ:

Միջոցառման ընթացքում ուսանողները ասմունքել են, հանդես եկել ելույթներով:

Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը, ամփոփելով հանդիպումը, շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին ու նախաձեռնողներին, նշելով.«Այս տոնը բոլորինս է, որովհետև մեզնից յուրաքանչյուրը պետք է իր կարողությունների չափով լինի հայրենիքի պաշտպան: Լինենք արժանի հայրենյաց պաշտպանի վեհ կոչմանը»: