Արցախի պետական համալսարան

Փետրվարի 28-ին ԱրՊՀ պատմության և քաղաքագիտության ամբիոնի և բուհի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Սումգայիթյան ողբերգության 34-րդ տարելիցին։ Միջոցառման ընթացքում ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանը և մի խումբ ուսանողներ հանդես են եկել զեկույցներով՝ Սումգայիթյան ցեղասպանության պատմական ու իրավական գնահատականների վերաբերյալ։

«34 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-ից 29-ը Սումգայիթում կազմակերպվեց 20-րդ դարի մի նոր ոճրագործություն «Մահ հայերին» կարգախոսով։ Սումգայիթում կրկնվեցին 1915թ. հայերի ցեղասպանության նույն մեթոդներն ու միջոցները առանց բացառության…Երբ ծանոթանում ես կատարվածին, դժվարանում ես հավատալ, որ դրանց հեղինակները մարդիկ են։
Ղարաբաղից հեռու գտնվող Սումգայիթյան հայ ազգաբնակչությունը 34 տարի առաջ սպանդի ենթարկվեց միայն այն բանի համար, որ նրանք հայեր էին»,-նշել է Ն. Սարումյանը՝ ընդգծելով, որ 1915 թվականի հայկական ցեղասպանությունը, Խորհրդային Ադրբեջանի տարածքում 1918-1920թթ. հայկական կոտորածներն ու 1988 թվականի Սումգայիթյան ցեղասպանությունը և նրան հետևած հայկական ջարդերը Կիրովաբադում, Բաքվում, Շուշիում,Մարաղայում և այլուր, հիրավի վկայությունն են շարունակական բնույթ ստացած անպատժելիության հանդիպած ոճրագործությունների։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև ֆիլմի դիտում-քննարկում։
Վերջում միջոցառման նախաձեռնող խումբն ընդունեց հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված էր.
«1988թ. փետրվարի 27-ից 29-ը Սումգայիթում հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ իրագործվեց եղեռնագործություն։ Այդ հանցագործությունները ո՛չ ԽՍՀՄ-ի, ո՛չ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրավական գնահատական չստացան, որոնք հանգեցրին նորանոր ջարդերի ու կոտորածների հայության նկատմամբ։ Անպատժելիությունը ծնեց նոր հանցագործություններ։
Այսօր` 34 տարի անց, Արցախի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանը, ուսանողներն ու պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոսները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Սումգայիթում տեղի ունեցած հանցագործությունների զոհ դարձած հայության հիշատակին։ Պահանջում ենք դատապարտել մարդու իրավունքների խախտումները և առաջարկում ենք, որ միջազգային հանրության կողմից այդ ու շարունակական բնույթ ստացած նման հանցագործություններին տրվի իրավական գնահատական»։
Հայտարարությունը՝ տարբեր լեզուներով թարգմանված, կհրապարակվի մի շարք հարթակներում։