Արցախի պետական համալսարան

 Հայոց Արցախի ազգային դիմանկար, ակունքներ, ավանդույթներ, արժեհամակարգ, պատմություն, հայրենիք...  

 Սրանք ամբողջացնում են յուրաքանչյուր հայի-արցախցու հոգևոր հարուստ գանձարանը։

Մենք սերունդն ենք այն ազգի, որի կյանքի ընթացքն անընդմեջ պայքար է եղել հանուն լինելիության, ինքնության, հանուն ազգայինի պահպանման։ Սերունդն ենք այն ազգի, որի հայրենապաշտությունը գեներով է ժառանգվում։ Մենք այն սերունդն ենք, որն ապրիլյան քառօրյա է տեսել։ Այն սերունդը, որ 44 օր քայլել է մահին զուգահեռ, որի մի բուռ հայրենիքից ավա~ղ կեսն էլ չի մնացել։

Այսօր մենք քայլում ենք դանդաղ, բայց վստահ, և այդ վստահությունը չկորցնելու համար պետք է  ամուր կառչենք ազգային ակունքներից, իսկ դրա համար պետք է հաճախակի լինեն մեր այցելությունները պատմամշակութային հիշարժան վայրեր։

  Օրերս մենք՝ ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներս, կուրսղեկ Զ. Բալայանի նախաձեռնությամբ, այցելեցինք Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան։         

Թանգարանը հիմնադրվել է 1939 թվականին և ԱՀ պատմամշակութային այն միակ օջախն է, որտեղ ներկայացվում է Արցախի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Չնայած բազմաթիվ դժվարություններին (Խորհրդային Ադրբեջանի  հայատյաց քաղաքականություն, տարբեր ժաամանակների պատերազմական թոհ ու բոհ)՝ թանգարանը կարողացել է գոյատևել, հավաքագրել ու պահպանել մեր նյութական ու հոգևոր արժեքները։ Այստեղ կան ավելի քան 50 հազար պատմամշակութային բացառիկ արժեքներ։

 Թանգարանի նախասրահում ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ, արցախյան շարժման առաջամարտիկ Արթուր Մկրտչյանի կիսանդրին է, նրա անձնական իրերը, այդ թվում աշակերտական տետրերը, որոնք վայելչագրության գեղեցիկ օրինակներ են։ 1986 թվականին Ա. Մկրտչյանը աշխատել է որպես ծննդավայրի՝ Հադրութի պատմա-երկրագիտական թանգարանի տնօրեն, որը հետագայում կոչվել է նրա անունով։ Ինչպես նշեց թանգարանի` մեզ տեղեկություններ հաղորդող գիդը, Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը բազմաթիվ արժեքավոր նմուշներ է նվիրաբերել Հադրութի թանգարանին, որոնք, ցավոք սրտի, մնացին վանդալիզմի տիպիկ ներկայացուցիչ թշնամուն։

Գիդը սահուն ձայնով, մեկ առ մեկ ներկայացնում էր թանգարանի բաժինները, իսկ մենք, ասես, մտովի թերթում էինք մեր պատմության էջերը՝ սկսած հնագույն ժամանակներից։ Թանգարանի ամեն անկյուն մի նոր երանգ ունի, բայց մեկ ընդհանուր անուն՝ հայկական-արցախական։ Նայելով արցախյան նահապետական ընտանիքը խորհրդանշող ճախարակով թել մանող տատիկին ու կաշվից տրեխ կարող պապիկին՝ մի պահ իրական թվաց հայի երազած անհոգ ու խաղաղ կյանքը։ Մարմնովդ հպարտության սարսուռ է անցնում հնագույն գորգերին ու կարպետներին դիպչելիս, որոնց վրա, ասես, դեռ պահպանվել է մեր նախատատերի թոնրաբույր-հրաշագործ մատների շունչը։ Առանձնահատուկ զգացողություն է պարուրում, երբ պատմում են 19-րդ դարի հայ մշակույթի նշանավոր կենտրոն դարձած Շուշիի մասին, այն Շուշիի, որն այսօր այսքան մոտ ու այսքան հեռու է, բայցև` մեզ վիրավոր մարմնով ու անմար հավատով սպասող` ինչպես մենք իրեն…

            Փաստագրական նյութերով ավելի հարուստ են նոր ու նորագույն բաժինները։ Հերթական սրահներում ներկայացված են Արցախի ռազմական գործիչների, երկրորդ համաշխարհային պատերազմի չորս աշխարհահռչակ մարշալների կիսանդրիները, անձնական իրերը։ Վերջին բաժինը ներկայացնում է արցախյան համազգային շարժումը, ղարաբաղյան ազգային-ազատագրական պատերազմը։ Նկարներից մեկում 90-ականների ռմբակոծվող Ստեփանակերտն է, որի կրկնությունն ավա~ղ տեսանք մեր աչքերով, մեր օրերում։ Նայելով փետրվարյան հանրահավաքների լուսանկարներին՝ մենք նորից զգացինք հայի անկոտրում, աներեր կամքի ու բռունցքված հզոր ոգու ուժը։

Մեր էքսկուրսիան առաջին հերթին հայրենաճանաչության դաս էր ուսանողներիս համար, ազգային արմատներին առնչվելու, հայրենի Արցախի լինելության հզոր խորհրդին հարաբերվելու դաս, հայրենիքի մշակութային, պատմաքաղաքական, ռազմական, սոցիալ-տնտեսական կյանքի բազմաբովանդակ էջերին ծանոթանալու  պահանջված առիթ,  հանճարեղ արցախցիների արարող էությանը, պայքարող տեսակին, ճակատագրի դառը անցումներին առերեսվելու խոհ և խորհուրդ, որը ներկաներիս խորը մտորումների մղեց` մեր երկրի քաղաքական ճակատագրին առնչվող ժամանակաշրջանի դիմագիծը փոքրիշատե  ճիշտ քննելու համար… Հուսանք, արժեքավոր հետևությունների կհասնենք` հիմքում ավելի մղվելով գիտության ամրակուռ դռները բախելու և գիտելիքներ ամբարելու մտքին, անզուգական մեր Արցախը հզոր ու անսասան դարձնելու նախապայմանով…

Ուսանողները շնորհակալական զգացումով էին համակված միջոցառման կազմակերպիչների և թանգարանի աշխատակիցների հանդեպ՝ ակնկալելով նմանատիպ այցերի շարունակականություն:

   Մերի Դանիելյան,  բանասիրական ֆակուլտետ, հլգ 1-ին կուրս