Արցախի պետական համալսարան

Ուսանողական առօրյան ակտիվ ու բովանդակալից դարձնելու նպատակով բուհում հաճախակի են կազմակերպվում կրթագիտական միջոցառումներ: Այսօր տնտեսագիտության ֆակուլտետի  ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված հերթական  միջոցառումը նպատակ ուներ ուսանողների իմացությունները տնտեսագիտությունից ստուգել «Տնտեսագիտական այլ կերպ» խաղ-մրցույթի միջոցով, որին մասնակցել են ֆակուլտետի ուսանողներից բաղկացած տարբեր թիմեր:

Մրցույթին ներկա էին նաև  տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանն ու նույն ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ  Նարինե Մելքումյանը։  

«Նման միջոցառումների կազմակերպումը արդյունավետ է երկու տեսանկյունից՝  և՛ ուսանողների կողմից  մասնագիտական հիմնահարցերի ճիշտ մոտեցումների ցուցաբերման,  և՛ տրամաբանական մտածողության տեսանկյունից, բացի այդ, այն համախմբում է ֆակուլտետի  բոլոր ուսանողներին՝ հնարավորություն տալով նաև առաջին կուրսեցիներին ներգրավել  ուսանողական ակտիվ կյանքին։  Կարծում եմ՝ ուսխորհրդի կողմից կազմակերպվող առաջիկա միջոցառումները և՛ բովանդակային, և՛ նպատակային առումով պետք է ավելի մեծ շրջանակներ ընդգրկեն»,-նշել է ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանը՝ պատվոգրերով պարգևատրելով մրցույթի արդյունքում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին: