Արցախի պետական համալսարան

Ազգային արժեքների պահպանում ու ամրապնդում, միասնականություն, ավանդույթների ու ժողովրդական իմաստնության վերարժևորում ժամանակակից զարգացումների համատեքստում, ինքնության պահպանում, դժվարություններին դիմակայելու, բայց հայրենի հողից չհեռանալու անկոտրում կամք․ սրանք այն հիմնական շեշտադրումներն էին, որոնք ընկած էին այսօր կազմակերպված «Արցախ, մեր տուն» խորագրով միջոցառման գաղափարական հիմքում։

Միջոցառումը նախաձեռնել էր ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․, դոցենտ Արմինե Խաչատրյանը՝ ուսանողների մասնակցությամբ։ Ազգային երգ, պար, ասմունք, Արցախի բանահյուսական տարբեր ժանրերից հատվածներ ներկայացվեցին ուսանողների և մշակութային համույթների կողմից։
Միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով՝ հարգելով պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը։
Ողջույնի խոսքում Արմինե Խաչատրյանը նշեց, որ միջոցառումը խորհրդանշական իմաստ ունի, այն է՝ գարնանամուտն սկսել ազգայինի շեշտադրմամբ։
«Միջոցառման նպատակն էր հետ նայել դեպի ժողովրդական իմաստությունը, տառապանքի ու ճակատագրի վայրիվերումներին դիմակայած արցախցու արտահայտած խորիմաստ մտքերը, արցախցուն համախմբման կոչ անել: Եկեք միասնական լծվենք ազգային արժեքների պահպանման, հարստացման և երկրի շենացման գործին: Իհարկե, անհրաժեշտ է առաջ նայել, կատարելագործվել ժամանակին համահունչ ամեն ոլորտում, սակայն երբեք չպետք է մոռանալ, որ դարեր ի վեր գոյատևել ենք շնորհիվ լեզվի, հավատքի, գրի ու մատյանի, ազգային ավանդական արժեքների։ Ես հենց այդպես եմ ցանկացել շնորհավորել հայ կնոջը, հայ մորը, նրան մղելով դեպի իր ակունքները, դեպի նախնյաց ակունքները, որտեղից ամենամաքուր ջուրը կարելի է խմել»,-նշել է Ա․ Խաչատրյանը։
Բեմի գեղարվեստական ձևավորմամբ կերպարվեստի ամբիոնի դասախոս Մարինե Ղալայանցը ևս արվեստի լեզվով հանդիսատեսին իր ասելիքն ուներ․ «Ազգայինը պետք է գերակա լինի բոլոր ձեռնարկումներում, որովհետև այն ինքնության պահպանման կարևորագույն երաշխիքներից է»։
Մասնակից ուսանողների խոսքով՝ միջոցառմանը երկար են պատրաստվել, որը մի քանի անգամ հետաձգվել է․ նախ՝ խանգարել է կորոնավիրուսը, ապա՝ քննաշրջանը, բայց գաղափարն ու յուրահատկությունը թույլ չէին տալիս այն կյանքի չկոչել։
«Ի վերջո ազգայինի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը, համախմբվածությունը, արժեքների գնահատումը ծնեցին այս միջոցառումը, որն անսպառ սիրով և նվիրումով ընծայում ենք հայ կնոջը, ով զինվոր է դաստիարակում, ազգին ծառայող բժիշկ ու իրավաբան։ Նպատակը Արցախյան ազգային մշակույթի վերարժևորումն էր, որն այս օրհասական ժամանակաշրջանում առավել քան կարևոր է, նաև միտված էր ազգայինի տարածմանը»,-նշել է միջոցառման ակտիվ մասնակից, ուսանողուհի Աստղիկ Բաբայանը։