Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի կողմից ամբիոնի ավագ դասախոս Իննա Ադամյանի նախաձեռնությամբ և «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտությամբ սովորող ուսանողների մասնակցությամբ կազմակերպվել է պոեզիայի և հիշատակի ցերեկույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմում անմահացած ԱրՊՀ ուսանողների հիշատակին:
Ներկաները հարգանքի տուրք են մատուցել ի հիշատակ հանուն հայրենյաց նահատակված հերոսների:
Խոսելով միջոցառման նպատակի մասին՝ նախաձեռնող Իննա Ադամյանը կարևորել է այն կրթական և դաստիարակչական տեսանկյուններից՝ նշելով, որ միջոցառման ընթացքում ուսանողների կողմից հնչել են ռուս գրողների այնպիսի ստեղծագործություններ, որտեղ հեղինակներն անդրադարձել են Արցախին, հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությանը:
«Նման միջոցառումները կրթադաստիարակչական մեծ նշանակություն ունեն: Այսօրվա մեր միջոցառումը յուրահատուկ ուսուցողական դաս էր, որը յուրովի սովորեցնում է սիրել հայրենիքը՝ Արցախը»,-նշել է Ի. Ադամյանը՝ հավելելով, որ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը, ռուս հեղինակների սերը առ Արցախ արտացոլվել է նաև ռուս գրականության մեջ տարբեր ժամանակշրջաններում, որի մասին փաստող ստեղծագործություններն այսօր հնչեցրին մեր ուսանողները:
Միջոցառման ընթացքում հնչել են ելույթներ, ռուս գրականության դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններից ասմունք, երաժշտական կատարումներ, նաև հայ գրականության գոհարներից՝ թարգմանված ռուսերեն:
Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Ինգա Հակոբյանը, կարևորելով միջոցառման նշանակությունը, նշել է. «Չնայած առկա դժվարություններին՝ մեր բոլորիս սուրբ պարտքն է ապրել և արարել Արցախում՝ այն սուրբ հողում, որտեղ մեր տղաների արյունն է հեղվել հանուն հայրենիքի պաշտպանության: Ապրել, արարել և հավերժ հարգել նրանց սուրբ հիշատակը՝ սա պետք է լինի բոլորիս համար գերակա մեր բոլոր աշխատանքներում»:
«Ներկա իրավիճակում եթե մեր ուսումնական հաստատություններում ուսանողների կողմից հնչում է ասմունք, երգ ու երաժշտություն, որեմն մեր ոգին ամուր է, մեզ կոտրել չի լինի»,-նշել է ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը՝ բարձր գնահատելով միջոցառումը: