Արցախի պետական համալսարան
Մարտի 13-ին լրացել է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը: Տարին հոբելյանական է, և Չարենցին նվիրված միջոցառումները կշարունակվեն ողջ տարվա ընթացքում: Այսօր՝ մարտի 14-ին, ԱրՊՀ գրադարանի և ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվել է գրական-գեղարվեստական միջոցառում՝ նվիրված Եղիշե Չարենցին:
 
 
Գրադարանի վարիչ Հասմիկ Հարությունյանի խոսքով՝ Եղիշե Չարենցի գրքերը ընթերցողների համար ամենաշատ պահանջարկ ունեցող գրքերի ցանկում են, ուստի օրը առիթ է՝ մեկ անգամ ևս անդրադառնալու Չարենցին, գնահատելու և արժևորելու նրա գրական ժառանգությունը, ընդգծելու մեծ գրողի ստեղծագործությունների արդիական նշանակությունը:
ՈւԳԸ նախագահ Տաթևիկ Ղահրամանյանի խոսքով՝ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի առթիվ՝ որպես ուսանողության գնահատանքի բաժին երախտիք, օրը որոշել են դարձնել չարենցյան` անդրադառնալով հանճարի կյանքին և պոեզիային։
«Նաիրյան երկրի մորմոքը սրտում, հայոց արևահամ բառը շուրթերին վառվելիս, հայացքը` իր կապուտաչյա հայրենիքին վառվեց, վառվեց ու մնա՜ց... Հայ գրականության ծիրում նրա աստղը շողա՜ց ու շողա՜ց ու իր պայծառությամբ ու մեծությամբ հասավ արեգակնային չափերի։ Իր ժամանակում հորդորեց մարդկանց դառնալ ժամանակի շունչը, մինչև Նա դարձավ բոլոր ժամանակների զորեղ ու թարմ շնչառությունը»,-նշել է նա։
Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրել են Եղիշե Չարենցի կյանքն ու գործունեությունը, պատմել գրողի հետ կապված մեծերի գրի առած հուշերից, ասմունքել բանաստեղծություններ:
Մասնակիցների անունից գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Նոնա Դավթյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ կարևորելով նման միջոցառումների նշանակությունը: