Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ-ում քննաշրջան է. միաժամանակ ընթանում են ուսումնական պարապմունքները և մագիստրատուրայի փորձուսուցումը։
Մարտի 28-ից Արցախի պետական համալսարանում մեկնարկել են 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի և մագիստրատուրայի 1-ին ընթացիկ ստուգումները:
Ստուգումներն անց են կացվում բնականոն հունով նախապես սահմանված կարգով:
Ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետ Գոհար Գասպարյանի խոսքով՝ բոլոր խմբերը համակարգչային եղանակով թեստային ստուգումների քննասենյակ մտնում են գրեթե ամբողջական կազմով: Գործընթացն ընթանում է բնականոն հունով, էական խնդիրներ ու խոչընդոտներ չեն արձանագրվել: Ռեկտորատի որոշմամբ՝ հարգելի են համարվելու համապատասխան փաստաթղթով հիմնավորված բացակայությունները:
ԱրՊՀ-ում ընթացիկ ստուգումներին համընթաց ընթանում են նաև 2-րդ կիսամյակի պարապմունքները բակալավրիատում և մագիստրատուրայում:
Մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողների համար ընթանում է նաև մարտի 7-ից մեկնարկած մեկամսյա գիտամանկավարժական փորձուսուցումը: Փորձուսուցման ակտիվ փուլում մագիստրանտները դասավանդում են, կատարում դասընթացի մանկավարժական վերլուծություններ: Փորձուսուցման մեթոդիստ-ղեկավարների կողմից կատարվում են դիտարկումներ, նկատառումներ, դասի անցկացման մանկավարժական վերլուծություն:
ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանի խոսքով՝ ԱրՊՀ ուսանողներն ուսման նկատմամբ ունեցած իրենց բնորոշ մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում ստեղծված իրավիճակում ուսումնառությունը պատշաճ մակարդակով շարունակելու գործին:
«Ներկա իրավիճակի համատեքստում կարող եմ ասել, և դա նկատելի է անցկացված մշտադիտարկման արդյունքում, որ ուսանողները պատասխանատվության բարձր զգացումով են վերաբերվում ընթացիկ ստուգումների ներկա փուլին` ցուցաբերելով գիտելիքների պատշաճ մակարդակ: Ճիշտ է, ընդհանուր լարվածությունն անհետևանք չի կարող անցնել, սակայն ուսանողները շատ լավ հասկանում են, որ յուրաքանչյուր ոք իր գործառույթների հստակ կատարումով կարող է նպաստել ընդհանուր բարոյահոգեբանական իրավիճակի կայունացմանը»,-նշել է ուսանողների հետ տարվող աշխատանքների պատասխանատու Վ. Յարամիշյանը:
Առաջին ընթացիկ ստուգումները կտևեն մինչև ապրիլի 8-ը ներառյալ: