Արցախի պետական համալսարան

«Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ և մեռնում դրա պակասի պատճառով»,-ասել է Նժդեհը։  Հայրենասիրություն, որ  մեր հերոսների   մեջ միշտ   չափից շատ է լինում։ Դրա վառ ապացույցը  Արցախյան ազատամարտը, ապրիլյան քառօրյան և 44-օրյա պատերազմներն են։ Հաստատ կարող եմ ասել, որ  մեր տղաների սխրանքն ու հայրենասիրական  ոգին հպարտանալու  ամենավեհ արժեքն է բոլորիս  համար։    Հայրենիքի պաշտպանության համար  մինչև վերջ պայքարողների անմահների բանակը հարուստ է  իր տարբերվող և եզակի  քաջորդիներով։ Նրանցից  մեկը Էդգար  Սենորիկի Մանգասարյանն է։   

Նա ծնվել է 1992թ. հուլիս 19-ին

Արցախի Մարտունի քաղաքում։ Հաճախել է Բերդաշենի դպրոց, այնուհետև ուսումը շարունակել է Մարտունու Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցում։ 2010 թ. զորակոչվել է բանակ, սկզբում ծառայել է Թալիշում, այնուհետև տեղափոխվել Մատաղիս։ Եղել է   հետախույզ և վարորդ (մեքենա վարել շատ էր սիրում)։ Հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելուց հետո Էդգարն  ավարտում է ծառայությունը և 6 ամիս  հետո նորից անցնում պաշտպանության բանակի շարքերը՝  որպես պայմանագրային զինծառայող։  Սկզբնական շրջանում վարորդ էր։ Հետո  ստանում է համապատասխան կրթություն և դառնում հետախուզական ջոկի հրամանատար։ 

Մայրը նրան շատ էր ասում, որ թողնի  ծառայությունը, բայց Էդգարն անդրդվելի էր։

Շատ երիտասարդների նման  նա էլ   էր ապագայի համար պլաններ կազմում։ Ուզում էր  տուն կառուցել,  ընտանիք ստեղծել։ Հաճախ էր   կրկնում,  որ փոքր քրոջը անպայման  ուսման կտա հետո էլ կամուսնացնի։ Իր ժամանակը սիրում էր  անցկացնել   ընկերների և ավագ քրոջ երեխաների  հետ։  Բարձրաձայնած և մտքի խոր ծալքերում պահած երազանքներ ու նպատակներ շատ  կլինեին, որոնք պետք է իրականացներ և գնալ առաջ,  բայց   44-օրյա պատերազմը կանգնեցրեց նաև Էդգարի  ընթացքը։

Հոկտեմբերի 23-ին   Ֆիզուլի կոչվող տեղամասում անօդաչու թռչող սարքի  հարվածից Էդգարը մահացու վիրավորվում է։ Մոնթեաբերդցին,  որ կյանքի վերջին    10 տարիները անց է կացրել բանակի շարքերում,   հենց Մոնթեի պատգամով  էլ առաջնորդվեց, և ինքն էլ՝ որպես մերօրյա հերոս, նոր պատգամ թողեց մեզ՝ ապրողներիս համար։

Բարի, մարդամոտ, ընկերասեր,  պատասխանատու... այսպիսին էր Էդգարը  իրեն ճանաչողների սրտում  և հիմա էլ ավելի բարձրում է՝ իր արժեքներով և հավերժ հիշատակության  արժանի իր գործով։ 

 Այսօր հայրենյաց պաշտպանի դերը նա  կատարում է  երկնքից՝ որպես երկնային հրեշտակ, որ հսկում  է   երկիրը։

Էդգար  Մանգասարյանը ԱՀ Կառավարության կողմից պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։

Աննա Հայրապետյան, լրագրություն 2-րդ կուրս