Արցախի պետական համալսարան

  Երկիրս այսօր նման է մի վիրավոր թռչնակի: Վիրավոր վերքերը  դեռ չսպիացած՝ նորերն ավելացան նրան: Թռչնակս այլևս ուժ չունի թռչելու,կոտրել են թևերը, դարձրել հաշմանդամ, բայց ժամանակավոր:Այսօր մենք ապրում ենք ծանր ժամանակներ, կորսված են հիմա Շուշին, Հադրութը և շատ տարածքներ, որ մեզ համար լոկ հողատարածք չեն միայն, այլև՝ հայրենիք, առանձին-առանձին միացնելով կստացվի իմ սրտի խճանկարը: Պատերազմից  հետո սրտիս խճանկարի պատկերը կիսատ է մնացել, դետալների կեսն այժմ  կորել են,բայց կգտնվեն:

Անկախ հայրենիք: Գեղեցիկ է հնչում չէ՞: Մեր ժամանակներում «անկախ հայրենիք» ասվածը երազանք է թվում, անհավանական մի իրողություն:

Դեռ  հին ժամանակներից ենք երազել ունենալ ազատ ու անկախ հայրենիք: Ու դեռ այդ ժամանակներից են միշտ մեր առջև ծառացել բազմաբնույթ խնդիրներ: Պատերազմ ասվածը կարծես մեր մշտական ուղեկիցը լինի: Քայլում է մեր բոլոր ժամանակների հետ հվասար, կես ճանապարհից հարվածում է մեզ մեջքից, որ ինքը մենակ քայլի ու հասնի իր նպատակին: Բայց Աստծո զորությամբ մենք գերբնական  մի ուժ ենք ստանում և շարունակում պայքարել: Իմ մտահորիզոնում դեռ վաղուց են  պայքար և հայ բառերը հանդես գալիս որպես հոմանիշներ:

Շատ ենք չէ՞ մենք ուժեղ: Հիմա բացատրեմ ինչու: Ծնողը երեխային  հողին է հանձնում ու  շարունակում ֆիզիկապես գոյություն ունենալ, մարտադաշտում մահացու վիրավորումներ ստացած մեր տղաները կազդուրվում են ու շարունակում ապրել, ամուսնուն կորցրած հղի կինը հոգեբանական տվայտանքներից հետո լույս աշխարհ է բերում երեխայի հոր  նոր մարմնացումը և շարունակում է  ապրել հանուն նոր բաբախող սրտի, այս շարքը կարող եմ երկար շարունակել…Պայքար, պայքար, պայքար՝ սա է մեր հավերժ ուղեկիցը:

Ես  վստահ եմ, որ ուշ թե շուտ  մենք կրկին ունենալու ենք ամբողջական հայրենիք, վստահ եմ որ Շուշիի Սուրբ Ղազանչեցոցի առջև թնդալու է կրկին «Գրավեցինք մենք Շուշին, հասանք Մարտակերտ» երգը, վստահ եմ, որ դեռ բազում պսակադրություններ են լինելու, նոր ընտանիքներ են կազմվելու, նոր Սարմեններ, Արամներ ու Ալբերտներ ենք ունենալու: Հայրենի հողի հանդեպ ծարավը, հայրենասիրությունը մեզ մոր կաթի հետ է փոխանցվում: Իմ հայոց մայրեր, կոչ եմ անում Ձեզ, դուք պիտի այսօր և ընդմիշտ հիշեք, որ ազգիս փրկության ազդակը դուք եք  ու որ Մաշտոց ծնող մայրը երբեք չի խոնարվում չարի առաջ:

Իմ վիրավոր  թռչնակ դու չվախենաս, դու պիտի սավառնես ազատ Արցախում: Իմ սրտի խճանկարն էլ դեռ կամբողջանա, դետալները հիմա թաքուն մի տեղ են, բայց կգտնվեն, իսկ թե գտել եք,  խնամքով պահեք, մինչև ես գտնեմ…

Անժելա Շահանց, լրագրություն 2-րդ կուրս