Արցախի պետական համալսարան
Այս օրերին ԱրՊՀ տարբեր ֆակուլտետներում ուսանողների, ֆակուլտետների ղեկավարության փորձուսուցման բաժնի և փորձուսուցման ղեկավարների մասնակցությամբ ամփոփվում են ավարտական խմբերում փետրվարի 7-ից ապրիլի 2-ը կազմակերպված փորձուսուցման արդյունքները:
Փորձուսուցման վերաբերյալ հերթական ամփոփ հաշվետվությունը կազմակերպվել է տնտեսագիտության ֆակուլտետում, որի ընթացքում «Ֆինանսներ» և «Կառավարում» մասնագիտության ուսանողները ներկայացրել են փորձուսուցման ընթացքում իրականացված աշխատանքները, ներկաները քննարկել են խնդիրներ և հանդես եկել համապատասխան առաջարկություններով:
Տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության ուսումնական փորձուսուցումը անց է կացվել «Ֆիդես» հիփոթեքային ընկերությունում, իսկ արտադրականը՝ ԱՀ ֆինանսների նախարարությունում, ԱՆՀ-ում, ԱՀ վիճակագրական ծառայությունում, «Արցախբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերում: Փորձուսուցումը ղեկավարել է տ.գ.թ., դոցենտ Եվգենյա Հայրիյանը: Ուսանողները գոհունակություն են հայտնել փորձուսուցման ընթացքից:
Ուսանողուհի Դիանա Դանիելյանի խոսքով՝ փորձուսուցումը հնարավորություն է ընձեռել տեսական գիտելիքներն ամրապնդել գործնականում, անմիջականորեն ծանոթանալ մասնագիտական գործունեությանը, առաջին քայլերը կատարել գործնականում:
«Կառավարում» մասնագիտության ուսանողները ուսումնական փորձուսուցման շրջանակներում ծանոթացել են ԱՆՀ, ԱՀ ԱՎԾ, ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության բաժինների գործունեությանը, արտադրականը՝ «Արցախբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերում, ԱՀ ՊԵԿ-ում: Փորձուսուցումը ղեկավարել է ավագ դասախոս Գրիգորի Իշխանյանը:
«Զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողները փորձուսուցումն անցել են «Վարանդա Թրավել», «ԹրավելՔլաբ» ՍՊԸ-ներում, «Վալլեքս Գարդեն» ՓԲԸ-ում և ԱՀ ԿԳՄՍ նախարարության զբոսաշրջության վարչությունում: Փորձուսուցումը ղեկավարել է ավագ դասախոս Ադա Հայրապետյանը:
Ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը շնորհակալություն է հայտնել փորձուսուցման ղեկավարներին և ուսանողների փորձաշրջանի վայր ընտրված հիմնարկ-հաստատությունների և ընկերությունների պատասխանատուներին՝ փորձուսուցումն արդյունավետ կազմակերպելու համար:
Ֆակուլտետի դեկանը և ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանը, հաշվի առնելով ուսանողների առաջարկությունները, փորձուսուցման բաժնին առաջարկել են ուսումնասիրել փորձուսուցմանը հատկացվող ժամաքանակի ավելացման հարցը՝ ավարտական տարվա փորձուսուցման ժամաքանակի բաշխում ըստ տարիների մեթոդով կամ էլ՝ գործնական պարապմունքների ընթացքում ուսանողներին հնարավորություն ընձեռել պրակտիկ դաշտում հմտություններ և կարողություններ ձեռք բերելու համար:
Փորձուսուցման բաժնի պետ Անուշ Հայրապետյանն իր հերթին գոհունակություն է հայտնել փորձուսուցման ընթացքից՝ նշելով, որ առաջարկությունները կուսումնասիրվեն համապատասխան ստորաբաժանումների կողմից: