Արցախի պետական համալսարան
Ապրիլի 8-ին Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում կայացավ միջոցառում՝ «Օտարագիր հայ գրականություն» խորագրով։
Մագիստրատուրայի «Օտարագիր հայ գրականություն» դասընթացի շրջանակում գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, դասընթացավար, բ.գ.թ. Նոնա Դավթյանի նախաձեռնությամբ մագիստրանտ Սոնա Մուսայելյանը տարբեր մասնագիտությունների ուսանողների հետ կազմակերպել է միջոցառումը։
Ներկա էին ֆակուլտետի տարբեր ամբիոններց դասախոսներ, գիտական գրադարանի վարիչը, ուսանողներ։
 
Ուսանողները հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով ներկայացրին ընթերցումներ օտարագիր հեղինակների բնագրերից, ելույթներ, երաժշտություն, ազգային պար։
Նոնա Դավթյանը, կարևորելով միջոցառման նշանակությունը, ընդգծել է.«Միջամբիոնային կապի ամրապնդմամբ գաղափարը վերածվեց նախաձեռնության։ Հուսանք՝ հետագայում այն կունենա շարունակական բնույթ։ Մեր ուսանողները այս ձևով ծանոթանում են հեղինակների ստեղծագործություններին՝ թե՛ հայերեն, թե՛ օտար լեզուներով բնագրերին։ Ունենք հրաշալի ուսանողներ, ովքեր լեզուների իմացության իրենց հնարավորություններով, մասնագիտական գիտելիքներով հետ չեն մնում առաջատար այլ բուհերի ուսանողներից»։
Մագիստրանտ Սոնա Մուսայելյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին՝ նշելով, որ միջոցառումը փորձ էր՝ մեկտեղելու օտար լեզուներով արտահայտվող հայ գրողներից լավագույններին, ովքեր
աշխարհի տարբեր մշակույթների մեջ կարողացել են ապահովել հայության ներկայացվածությունը:
«Հուսանք, որ դեռ առիթ կունենանք նման ուրիշ
նախաձեռնություններ իրականացնել՝ փորձելով հանրությանը ծանոթացնել օտարագիր հայ հեղինակների բնագրերին
հենց օտար լեզվով:
Սա մի սկզբնական փորձ է կամ մեթոդ, որ պիտի հետագայում զարգացվի,
ձևավորվի որպես մշակույթ։ Մեր
ուշադրության ծիրում չափածո գործերն էին, ավելի շատ այն գործերը, որոնց հայերեն
թարգմանությունները համարժեք են բնագրերին»,-ասել է ուսանողուհի Սոնա Մուսայելյանը։
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան հայոց լեզու և գրականություն, լրագրություն, ռուսաց լեզու և գրականություն, անգլերեն լեզու և գրականություն մասնագիտություններով սովորող ուսանողները։
Միջոցառմանը երախտագիտության խոսք ասաց բ.գ.թ., դոցենտ Զինաիդա Բալայանը՝ երիտասարդ սերնդին հորդորելով բոլոր ձեռնարկումներում հավատարիմ լինել հայոց ազգային ավանդական արժեքներին։