Արցախի պետական համալսարան

 

ԱրՊՀ ռոմանագերմանական լեզուների ամբիոնի դասախոս Արմինե Ալեքսանյանի և Չիկագոյի հայ համայնքի ներկայացուցիչ Գառնիկ Քերքոնեանի նախաձեռնությամբ ապրիլի 9-ին Zoom հարթակով կազմակերպվել է առցանց հանդիպում ԱրՊՀ ուսանողության և Չիկագոյի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

 
Հանդիպման ընթացքում ԱրՊՀ ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալ Չիկագոյի սփյուռքահայ հայրենակիցների հետ, ինչպես նաև զրուցել միմյանց հետ առանձին խմբերով։ Հանդիպման մասնակից սփյուռքահայերը Չիկագոյում հայկական պարի խմբակի անդամներն են, և ինչպես իրենք են ասում, հայկական պարերի միջոցով նրանք կարողանում են պահպանել հայկական ոգին։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Արցախ-Սփյուռք սերտ կապն ու ամրապնդումը։
«Բոլորիս համար շատ կարևոր է հիշել, որ Սփյուռքը միշտ Արցախի և արցախցու կողքին է»,- հանդիպման ընթացքում նշվել է սփյուռքահայերի կողմից։
Չիկագոյի հայկական պարի ակումբի հիմնադիր և հանդիպման կազմակերպիչներից Գառնիկ Քերքոնեանը նշել է, որ այսպիսի հանդիպումները շարունակական բնույթ կկրեն։
Կարևորելով Արցախի և սփյուռքահայ երիտասարդության մասնակցությամբ նման հանդիպումները՝ ԱրՊՀ ուսանողուհի Լաուրա Գրիգորյանը նշում է, որ այն, բացի բարոյահոգեբանական մեծ աջակցություն լինելուց, նաև կրթական նշանակություն ունի ուսանողների համար. «Օտար լեզվից մեր գիտելիքները, խոսակցական հմտությունները զարգացնելու շատ արդյունավետ փորձ էր, քանի որ հաղորդակցման հիմնական լեզուն անգլերենն էր։ Հանդիպումը նաև հետագայում սփյուռքի հետ համագործակցության շրջանակներում նոր կապերի ստեղծման ամուր հիմք էր»։
Հանդիպման առանցքային նպատակն էր ստեղծել և ամրապնդել Սփյուռքի հետ նոր կապեր, ինչպես նաև ԱրՊՀ ուսանողների մոտ զարգացնել անգլերենի խոսակցական հմտությունները։