Արցախի պետական համալսարան

 

Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանն այս օրերին աշխատանքային այցով ՀՀ-ում էր: Այցի ընթացքում ապրիլի 8-ին Արցախի պետական համալսարանի և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի միջև կնքվել է պայմանագիր, որի առարկան կողմերի միջև կրթական, գիտահետազոտական և ուսումնամեթոդական ոլորտում համակողմանի համագործակցությունն է՝ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման, դասախոսների և հետազոտողների ակադեմիական փոխանակման, համատեղ հայտարարությունների և փաստաթղթերի ստորագրման, տեղեկատվական և մշակութային միջոցառումների իրականացման միջոցով։

Հուշագիրը ստորագրել են ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը:
Պայմանագրի համաձայն կողմերը համագործակցելու են ԱրՊՀ-ում և ՀՀ ԳԱԱ ԼԻ-ում իրականացվող փոփոխությունների, իրավական փաստաթղթերի, ակտերի և միջոցառումների մասին տեղեկատվության փոխանակման, կրթական գործընթացների վերաբերյալ խորհրդատվության իրականացման, անցկացվող գիտական սեմինարներին, քննարկումներին, մրցույթներին, կոնֆերանսներին, գիտաժողովներին համապատասխան մասնագետների մասնակցության ապահովման, կողմերի կառուցվածքային ստորաբաժանումների միջև համագործակցության խթանման ուղղություններով:
ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, ըստ պայմանագրի դրույթների, կաջակցի ԱրՊՀ մասնագետների պատրաստման, պրոֆեսորադասախոսական կազմի համալրման, ատենախոսությունների պաշտպանության կազմակերպման գործընթացներին, կրթության որակի բարելավմանը, դասախոսական կազմի որակավորման բարձրացմանը, կմասնակցի համատեղ դասախոսական և ուսանողական գիտաժողովների, առարկայական օլիմպիադաների կազմակերպմանը, իր հնարավորություններով կապահովի բուհական կրթությանն առնչվող միջազգային միջոցառումներին (գիտաժողովներին, սեմինարներին, խորհրդակցություններին) ԱրՊՀ դասախոսների մասնակցությունը, կիրականացնի ուսումնական պլանների և ծրագրերի, ինչպես նաև ուսումնական գործընթացում նորարարական տեխնոլոգիաների կիրառական փորձի փոխանակում, հնարավորություն կընձեռի ԱրՊՀ դասախոսներին, ասպիրանտներին, մագիստրոսի կրթական ծրագրով սովորողներին ՀՀ ԳԱԱ ԼԻ հրատարակումներում գիտական հետազոտությունների արդյունքների տպագրման համար։
ԱրՊՀ-ն իր հերթին կաջակցի համագործակցության հաջող զարգացմանը՝ մասնակցելով համատեղ հիմնարար, կիրառական գիտական հետազոտությունների իրականացմանը, դրանց արդյունքների հրատարակմանը, գիտական և ուսումնամեթոդական հրատարակումների փոխանակմանը, հնարավորություն կընձեռի ՀՀ ԳԱԱ ԼԻ գիտական աշխատողներին, ասպիրանտներին, մագիստրոսի կրթական ծրագրով սովորողներին ԱրՊՀ հրատարակումներում գիտական հետազոտությունների արդյունքների տպագրման համար, Արցախի գիտաճանաչողական ուսումնասիրությունների կատարման, հայերենագիտական և հայագիտական հետազոտությունների իրականացման ընթացքում տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն։
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել համագործակցության պայմանագրի կնքումն ու անհրաժեշտությունը՝ նշելով, որ ՀՀ ԳԱԱ ԼԻ հետ ԱրՊՀ համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի, պայմանագրի կնքումով այն կտեղափոխվի ավելի գործնական հարթություն և կնպաստի բուհի գիտակրթական կյանքի զարգացմանը՝ ունենալով արդյունավետ նշանակություն: