Արցախի պետական համալսարան
Ապրիլի 7-ից 8-ը Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանում կազմակերպվել է «Նոր հեռանկարներ ուսանողների գիտահետազոտական ներուժի զարգացման համար» խորագրով 11-րդ հանրապետական ուսանողական գիտաժողովը, որին մասնակցել են ՀՀ և ԱՀ բուհերի ուսանողներ:
Գիտաժողովին մասնակցել են նաև ԱրՊՀ տարբեր ֆակուլտետներից ուսանողներ:
Գիտաժողովի լիագումար նիստին ողջույնի խոսք է ասել Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը: Նրա խոսքով՝ գիտաժողովի նպատակն է բացահայտել գիտական ներուժ ունեցող երիտասարդներին, խթանել նրանց նոր գաղափարների իրագործմանը՝ կարևորելով երիտասարդության ներուժն ու գիտելիքները հայրենիքի շենացման ու հզորացման գործում:
Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվել են մասնախմբերում:
ԱրՊՀ «Իրավագիտություն» մասնագիտությամբ սովորող ուսանող Կարեն Մարտիրոսյանը գիտաժողովին հանդես է եկել «Ագրեսիայի հանցագործությունը և 2020թ. ադրբեջանական ագրեսիան» թեմայով գիտական զեկուցմաբ, Արա Սարգսյանը՝ «Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները արցախյան 3-րդ պատերազմում» թեմայով, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ սովորող Տաթևիկ Ղահրամանյանը՝ «Զապել Եսայանի «Սիլիհտարի պարտեզները»» թեմայով, «Մաթեմատիկա» մասնագիտությամբ սովորղ Ռուզաննա Սահակյանը՝ «Կավարներ և բուլյան հանրահաշիվ» թեմայով:
Գիտաժողովից հետո ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը հանդիպել է Արցախի և Սյունիքի ուսանողների հետ և արժանացրել նրանց խորհրդանշական նվերների։
Կարևորելով ուսանողական գիտաժողովները համալսարանական կյանքում՝ ուսանողուհի Տաթևիկ Ղահրամանյանը նշում է, որ գիտաժողովները ուսանողական կյանքի բովանդակային մասն են կազմում, որոնց մասնակցելը անհրաժեշտություն է լիարժեք մասնագիտացման համար։
«Վանաձորի պետական համալսարանում մեզ ընդունեցին լոռեցուն հատուկ սրտաբացությամբ, անմիջականությամբ ու սիրով։ Մեծ պատիվ էր մեր այցի համընկնումը Արցախի պուրակում Արցախի դրոշի բարձրացման արարողությանը։ Թե՛ ուսանողները, թե՛ դասախոսական կազմը Արցախից ժամանածներիս հանդեպ յուրատիպ ջերմություն էին ցուցաբերում, մտահոգաբար հարցնում Արցախում տիրող իրավիճակից»,-գիտաժողովի մասին իր տպավորություններն է կիսել Տաթևիկը՝ արդյունավետ գնահատելով գիտաժողովի աշխատանքները մասնագիտական նոր գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու գործընթացում։