Արցախի պետական համալսարան

Ապրիլի 13-ին ՀՀ-ից ԱրՊՀ են այցելել ազգագրագետներ, պ.գ.թ., դոցենտ Աշխունջ Պողոսյանը, պ.գ.թ., դոցենտ Սվետլանա Պողոսյանը և Սարդարապատի թանգարանի տնօրեն Հակոբ Մելքոնյանը: Հյուրերը ԱրՊՀ են այցելել պատմաբան, ԱրՊՀ դասախոս, պ.գ.թ., դոցենտ Մելանյա Բալայանի ուղեկցությամբ և հանդիպում ունեցել «Պատմություն» մասնագիտությամբ սովորող ուսանողների և դասավանդող դասախոսների հետ:

Հանդիպման ընթացքում ազգագրագետ ու գորգագետ Աշխունջ Պողոսյանը հանդես է եկել դասախոսությամբ՝ անդրադառնալով հայկական մշակույթին, մասնավորապես՝ հայկական գորգագործությանը, ժառանգության պահպանման խնդիրներին, հայկական գորգի ավանդույթների ձևավորմանը՝ արժևորելով դրա տեղն ու դերը մշակույթի պատմության հոլովույթում։ Գորգագետը անդրադարձել է հատկապես արցախյան գորգարվեստի ծագման ու զարգացման պատմությանը, խոսել հակահայկական պատմական կեղծարարություններից ու խեղաթյուրումներից և շեշտադրել մշակույթի՝ մասնավորապես արցախյան գորգերի խոսուն փաստարկները Արցախի հայկականության վերաբերյալ: Ըստ գորգագետի՝ հայկական ոճը, ներկերի՝ որդան կարմիրի կամ Արարատյան որդան կարմիրի կիրառման փաստը գորգարվեստում և մի շարք այլ գործոններ փաստում են արցախյան գորգերի հայկական ծագումը:
Հյուրերը պատասխանել են նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին՝ առաջարկելով նրանց մագիստրատուրայում հետագա մասնագիտացման համար որպես ուղղություն ընտրել ազգագրությունը:
Ազգագրագետները մի շարք մասնագիտական արժեքավոր գրքեր են նվիրել պատմության ամբիոնին:
Պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ ԱրՊՀ այցելելու, դասախոսությամբ հանդես գալու և անհրաժեշտ գրքեր նվիրելու համար՝ գոհունակություն հայտնելով հանդիպման արդյունավետությունից. «Հանդիպումը շատ հետաքրքիր էր և ուսուցողական, նվիրած գրականությունը՝ անհրաժեշտ ու սպասված, շնորհակալություն այցի և համագործակցության համար: Ցանկալի կլինի, որ նման հանդիպումները շարունակական լինեն»: