Արցախի պետական համալսարան
Ապրիլի 13-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի Ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Սիլվա Մինասյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են գիտաճանաչողական ընթերցումներ` նվիրված Սլավա Սարգսյանի «Արցախի բնակավայրերը» գրքին։
«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ սովորող ուսանողները գրքից ներկայացրել են իրենց բնակավայրերին վերաբերող հատվածներ, ինչպես նաև հավելյալ տեղեկություններ, որոնք դեռ անտիպ են:
Միջոցառման նախաձեռնող, լեզվաբան Սիլվա Մինասյանը, կարևորելով գրքի նշանակությունն ու ոսումնասիրությունը՝ ընդգծել է, որ ինչքան էլ գիրքը ուսումնասիրեն եկող սերունդները, այնուամենայնիվ այն դեռ չբացահայտված շերտեր ունի, ինչպես նաև՝ ուսումնասիրության անհրաժեշտություն:
«Արցախի բնակավայրերը» գիրքը տեղանվանագիտությամբ զբաղվողների համար հավաստի աղբյուր է։
«Գիրքը կարող է օգտակար լինել ցանկացած արցախցու համար, ով ցանկանում է իմանալ իր ծննդավայրի անվան ստուգաբանությունը և կենսագրությունը։ Այսպիսի ծանր ժամանակներում, ինչպիսին մենք ենք ապրում, երբ պատմական Արցախի բնակավայրերի մեծ մասը դարձել է կորուսյալ հայրենիք (հուսանք` ժամանակավոր), այս գիրքը հնարավորություն է տալիս մեր և աշխարհի առջև վերահաստատելու, որ Արցախը հնուց ի վեր հայի տունն է, որքան էլ հարևանները փորձեն աղավաղել մեր տեղանունները և հարմարեցնել իրենց լեզվին»,-կարևորելով գրքի ու միջոցառման նշանակությունը՝ նշել է «Հայոց լեզվի պատմություն և գրաքննադատություն» մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողուհի Հերմինե Արզումանյանը՝ հավելելով, որ գիրքը նպատակին ծառայեցվելու համար նախ և առաջ ուսանողները պետք է ծանոթ լինեն նրա բովանդակությանը։
Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի ուսանողներ և դասախոսներ: