Արցախի պետական համալսարան

Պատկանյանի Արաքսը, Թումանյանի Դեբետը, Իսահակյանի Արփաչայը, որոնեցին ու գտան «կորած- մոլորված» հարազատին՝ Որոտանին, երբ աշխարհի հետ խոսք բացեց մի նոր բանաստեղծ՝ Համո Սահյանը, ում քնարերգության գլխավոր կերպարը Հայաստանն է, նրա անցյալն ու ներկան, պատմությունն ու գալիքը: Սահյանական աշխարհը աշխարհից անդին է... Ծիծեռնակների հյուսած հիշողության կապոցներում հարազատ Լորի լեռնաշխարհի բնությունը, կենսահորդ քարափները, Որոտանի եզերքը, Գյազբել սարի դարմանող հովը, հայրենական տունը բարոյական արժեքների գանձարան են, առաջին հերթին՝ խղճի, արդար վաստակի, շենության, նաեւ՝ կեցության:

Անգին գանձերից գրողը ստացել է ծիածանի գույներն ու աշխարհի բոլոր ծաղիկների բույրերը եւ ստեղծել իր՝ սահյանական կախարդիչ ու ձգող աշխարհը: Բնաշխարհի հետ է կապված մարդու սահյանական իդեալը: Բնությունը Համո Սահյանի ողջ ստեղծագործության հողն է, պատվանդանն ու զինանոցը, որտեղից գրողը վերցնում է իր պատկերներն ու ձեւերը: Նրա ողջ պոեզիան բնության ձայնն է: Բնության տարբեր պահերը, տարրերն ու երեւույթները, ամեն-ամեն ինչ շնչավորվել են Սահյանի գրչի տակ, ծիածանվել բոլոր գույներով եւ ստացել երկրորդ կյանք՝ հավիտենական կյանք արվեստի մեջ: Բնության առաջ ծնկի եկող քնարական հերոսը աշխարհի հետ կապված է իր սիրով, իր միջավայրին նայող մտահոգ-հիացական հայացքով եւ իր առինքնող երգերով՝ նազող նաիրյան բարդին, սեր ավետող ձնծաղիկը, վարդը, մանուշակը... Սահյանական յուրաքանչյուր բառ ծանրություն ունի, որի ծալքերում մի ամբողջ պատմություն կա... Սահյանի քարը հայի սիրտ ու հոգի ունի... քարը պատմությունն է, քարը հայի հոգեւոր կենսատարածքն է, քարը բնավորություն է, որը նույնիսկ հիշողություն ունի, գիտի խոսել ու կանչել: Մասրենին եւ հայը ճակատագրի նույնություն ունեն: Երկուսն էլ դիմացել են ցուրտ հողմերին եւ արհավիրքներին, սակայն «չի ջնջվել արմատով վերջին». այսօր եւս նույնն է: Սահյանը ամենեւին էլ պատմության մոխիրը չի քրքրում եւ շաղ չի տալիս ապրողների գլխին, այլ նրա համար անցյալը միաձուլվում է բնության անտես ժամանակին, որտեղ անցյալն ու ապագան մեկտեղվում են, ինչպեսեւ մարդն ու բնությունը: Բնության միջոցով Սահյանը վարպետորեն ազնվացնում է մարդուն, բյուրեղացնելով կապում է տիեզերքին եւ մարդուն սովորեցնում ճիշտ եւ գեղեցիկ ապրել: Նա նուրբ ու զտիչ գործիքներով հղկում է մարդու միտքը, մշակում հոգին, «Ծիր կաթինի ճանապարհով» հասցնում Աստծո լույսին: Սահյանի խոսքով՝ բանաստեղծը ճանաչել է տալիս մարդու մեջ եւ աշխարհում եղած գեղեցիկը, այսինքն՝ մարդու մեջ ցույց է տալիս Աստծուն: Այս վեհ առաքելությամբ ապրեց եւ սերունդներին պատգամներ թողեց բոլոր ժամանակների մեծ բանաստեղծը՝ Համո Սահյանը:

 ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի «Հայ գրականության պատմություն» մասնագիտացման մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի՝ Լիլիթ Հովհանիսյան