Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը արդիական հնչեղություն ունեցող խնդիրների շուրջ հաճախակի է կազմակերպում կլոր սեղան-քննարկումներ: Հերթական քննարկումը տեղի ունեցավ այսօր՝ ապրիլի 14-ին: «Տարածաշրջանային զարգացումների տնտեսական հետևանքները» թեմայով կլոր սեղան-քննարկմանը հրավիրված էին տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, պետական հատվածում աշխատող տնտեսագետներ, ՀՀ-ից հրավիրված տ.գ.թ., դոցենտ Սուրեն Պարսյանը, ՀԿ ներկայացուցիչ և ուսանողներ:
Քննարկման ընթացքում մասնագետները բարձրաձայնել են աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում առկա և սպասվող մարտահրավերները, նախանշել դրանց դիմագրավելու ուղիները:
«Ռուս-ուկրաինական հակամարտությունը բավականին լուրջ ցնցումներ է առաջացրել տնտեսական աշխարհում, Հայաստանն ու Արցախը չեն կարող այս ամենից անմասն մնալ: Մեր տնտեսությունը ներկայումս գտնվում է այդ ցնցման ալիքների տակ: Ռուբլու արժեզրկման պայմաններում ռիսկային է լինելու գյուղմթերքի արտահանումը, և արտահանողների համար հնարավոր է լուրջ խնդիրներ առաջանան: Ռուբլու արժեզրկումն ու Ռուսաստանի տնտեսական անկումն, անշուշտ կազդեն նաև մեր կենսամակարդակի, պարենային անվտանգության վրա»,-խոսելով տնտեսական ռիսկերի մասին՝ նշել է տնտեսագետ Ս. Պարսյանը և հավելել, որ ստեղծված իրավիճակում պետք է կարողանալ ոչ միայն դիմագրավել առկա մարտահրավերներին,այլ նաև՝ իրավիճակից օգուտ քաղել:
Տնտեսագետի խոսքով՝ այդ ռիսկերն իրենց հետ նաև Հայաստանի ու Արցախի տնտեսությունը զարգացնելու հնարավորություններ են իրենց հետ բերում և որպես օրինակ մատնանշում է ՌԴ-ից ՀՀ զբոսաշրջիկների մեծ հոսքը, դրա հետ կապված ՀՀ-ում անշարժ գույքի շուկայում դրական մեծ շարժը, ՏՏ ոլորտում ՀՀ-ում գրանցված նոր ընկերությունները, ձեռնարկությունների ստեղծումն ու դրանց գործունեությունը, որոնք լայն հնարավորություն են ընձեռում ՀՀ տնտեսության զարգացման համար:
Որպես ճգնաժամերի կառավարման ու հաղթահարման ուղի՝ տնտեսագետ Պարսյանը կարևորում է նաև գյուղատնտեսական արտադրության ծավալների ընդլայնման անհրաժեշտությունը՝ պարենային ինքնաբավություն ապահովելու տեսանկյունից:
«Պարենային խնդիր չենք ունենալու, բայց գնաճ կլինի, որպեսզի լուրջ խնդիրների առջև չհայտնվենք, պետք է ավելի շատ զբաղվել գյուղատնտեսությամբ և ունենալ սեփական արտադրություն»,-ընդգծում է նա:
Խոսելով Արցախի տնտեսության մասին՝ տնտեսագետը զարգացման նախապայման է համարում անվտանգությունը, որով պայմանավորված էլ՝ գործարարության խթանումը: Նրա կարծիքով՝ ԱՀ Կառավարությունը պետք է սոցիալական օգնություններին հատկացվող ֆինանսական միջոցները ուղղի նոր աշխատատեղերի ստեղծմանը.«Աշխարհում ոչ մի երկիր սոցիալական օգնությունների միջոցով տնտեսություն չի զարգացրել, ներառական տնտեսական աճ չի ապահովել, ավելին՝ փորձը ցույց է տվել, որ կարող է հասարակությանը դեգրադացնել»:
Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը նշել է, որ թեման արդիական է, քանի որ տնտեսական ճգնաժամը՝ պայմանավորված նախ համավարակով, ապա նաև՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմով, լուրջ հարվածներ են հասցրել Արցախի տնտեսությանը:
«ՀՀ և ԱՀ տնտեսությունը կանգնեց լուրջ մարտահրավերների դիմաց: Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմը հսկայական վնասներ պատճառեց տնտեսությանը: Թշնամու վերահսկողության տակ անցավ 110 համայնք, որի հետևանքով ունենք ավելի քան 31 220 բռնատեղահանված անձ»,-նշել է Ռ. Մանգասարյանը՝ հավելելով, որ անհրաժեշտություն է առաջանում ներդնելու պատերազմի սոցիալ-տնտեսական հետևանքների վերացման համազգային ապահովագրության համակարգ` հետպատերազմական սոցիալ-տնտեսական վնասների փոխհատուցման գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման ակնկալիքով։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում սոցիալական լարվածությունը մեղմացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը նույնպես իր գործուն աջակցությունը ցուցաբերեց՝ մշակելով և իրագործելով մի շարք ծրագրեր:
Քննարկման մասնակիցները կարևորել են մարդկային կապիտալի արդյունավետ կառավարումը, ճիշտ կադրային քաղաքականությունը, ՌԴ-ի հետ կապերի ամրապնդումը նաև տնտեսական դաշտում՝ ընդգծելով, որ ինչպես ՀՀ-ն, այնպես և ԱՀ-ն, հաջողությամբ կարող են դառնալ միջանկյալ երկիր ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների պայմաններում ապրանքաշրջանառությունը կազմակերպելու համար: