Արցախի պետական համալսարան
Ապրիլի 14-ը հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է։ Այս տարի լրանում է սիրված բանաստեղծի ծննդյան 108-ամյակը։ Օրվա առթիվ «Հայոց լեզու և գրականություն» մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները ուսումնական պլանում ընդգրկված «Համո Սահյանը և պանթեիզմը» դասընթացի շրջանակում դասընթացավար, գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս, բ․գ․թ․, դոցենտ Զարինե Սառաջյանի նախաձեռնությամբ կազմակերպեցին գիտական ընթերցումներ՝ նվիրված Համո Սահյանի պոեզիային։
Ուսանողները հանդես եկան գիտական զեկուցումներով․ Դիանա Բալասանյանը՝ «Համո Սահյան․ կյանքն ու գրական գործունեությունը», Լիլիանա Հայրիյանը՝ «Հայրենիքի, հայրենի տան պատկերը Հ․ Սահյանի պոեզիայում», Աքսաննա Համբարձումյանը՝ «Համո Սահյանը՝ բնապաշտ գրող», Աննա Ավանեսանը՝ «Համո Սահյան և Ակսել Բակունց․ երկու հանճարեղ սյունեցի», Մանե Գաբրիելյանը՝ «Մայրենի լեզվի թեման Համո Սահյանի պոեզիայում» թեմաներով։
Զեկուցումները ուսանողները ներկայացրել են բակալավրիատի կրտսեր խմբում սովորող ուսանողներին։ Զեկուցումներից հետո կազմակերպվեց նաև «Ի՞նչ։ Որտե՞ղ։ Ե՞րբ» խաղ-մրցույթ՝ Համո Սահյանի բանաստեղծություններով։ Ճիշտ պատասխանող ուսանողները խրախուսվեցին գրքերով։
«Սահյանը հայ պոեզիայի հայկականությունը բացահայտող ամենաինքնատիպ բանաստեղծներից է: Հայրենիքի գեղարվեստական կերպարը յուրահատուկ բնութագծեր ունի Հ. Սահյանի պոեզիայում: Սահյանի պոեզիայում Հայաստանի բնությունն էլ կարծես ազգային խառնվածք ունի, լեռները, ժայռերը, քարերն ու ջրերը ոչ միայն ձևավորել են իրենց միջավայրում ապրող հայ մարդու բնավորությունը, այլև իրենք էլ իրենց մեջ կրում են նրա պատմական բախտի ու քաղաքական երազանքների արձագանքները»,-նշել է Լիլիանա Հայրիյանը՝ հավելելով, որ որքան էլ բանաստեղծը հպարտանում է հայրենի երկրի դարավոր արմատներով ու ձեռք բերած նվաճումներով, այնուամենայնիվ, նրա սիրտը մորմոքում է իր ժողովրդի չիրականացած երազների ու անկատար մնացած բաղձանքների համար:
«Բանաստեղծը կարծես զգացել էր այսօրվա մեր մտահոգությունները և օր առաջ բարձրաձայնել՝ արտագաղթի խնդիր, մայրենի լեզվի պահպանման խնդիր, հայրենի տան պաշտամունք, տոհմի, գերդաստանի մեծի պաշտամունք, հայրենասիրություն, մարդասիրություն և այլն: Սահյանի պոեզիան արդիական է բոլոր ժամանակներում, և ազգային արժեքները կենսունակ պահելու համար հաճախ պետք է հղում անել Սահյանին։ Ուզում եմ՝ բոլորս ունենանք Հ. Սահյանի լավատեսությունն ու հավատը և մեծ բանաստեղծի հետ ամեն օր աղոթքի պես մրմնջանք նրա տողերը՝
Թող Աստված եղածը պահի,
Եվ հետո ինչ էլ որ պատահի
Գարունդ հայերեն է գալու,
Ձյուներդ հայերեն են լալու,
Հայերեն են գալու դարերդ»,-իր խոսքում նշել է Զ․ Սառաջյանը:
Կարևորելով նման միջոցառումների նշանակությունը՝ ուսանողներն ընդգծեցին, որ դրանք ուսանողական առօրյան դարձնում են ակտիվ, հետաքրքիր ու բովանդակալից՝ պարապմունքների ընթացքում ստացած գիտելիքները հարստացնելով նաև ուսումնագիտական միջոցառումների շնորհիվ։
Գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, բ․գ․թ․ Նոնա Դավթյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպման համար՝ կարևորելով միջոցառման դերն ու նշանակությունը ուսումնական գործընթացի արդյունավետության ապահովման գործում, ինչպես նաև հայ մեծերին անդրադառնալով՝ սերունդների մեջ հայոց ազգային արժեքները կենսունակ պահելու և ամրապնդելու գործում։
Համո Սահյանի գրական ժառանգությունն արժևորել է նաև բ.գ.թ., դոցենտ Զինաիդա Բալայանը. «Շնորհակալություն հայ ժողովրդին՝ Համո Սահյան ունենալու համար, որովհետև Սահյանը բոլորինս է»: