Արցախի պետական համալսարան

 

Տարին հոբելյանական է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի համար: Մեծ գրողի 125-ամյակին նվիրված միջոցառումները ԱրՊՀ-ում շարունակվում են: Ապրիլի 20-ին ԱրՊՀ գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Զինաիդա Բալայանի նախաձեռնությամբ և բուհի բանասիրական ֆակուլտետի ուսանողների ներգրավմամբ Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել։

Գրական ցերեկույթը մեկնարկել է բուհի զոհված զինծառայողների հիշատակին հարգանքի տուրք մատուցելով։
«Եղիշե Չարենցը հայ ժողովրդի հանճարեղ զավակներից մեկն է, որը թե՛ քաղաքացիական, թե՛ գրական գործունեությունը սկսել է վաղ տարիքից և իր կարճատև կյանքի ընթացքում եղել իր ժողովրդի նվիրյալը։ Իհարկե, 20-րդ դարասկիզբը հայ ժողովրդի ճակատագրում ծանր իրադարձություններով սկսվեց և շարունակվեց մինչև Չարենցի մահը։ Եվ այսօր մեծ խոնարհումով ու նվիրումով փորձել ենք տոնել գրողի 125-ամյակը, որովհետև նրա թողած ավանդները շարունակողները նաև մենք ենք, մեր ուսանողները՝ Արցախի երիտասարդությունը»,- բացման խոսքում նշել է Զ. Բալայանը։
Միջոցառմանը ուսանողները հանդես են եկել Չարենցի բանաստեղծությունների ասմունքով և երաժշտական կատարումով:
Գնահատանքի խոսքով հանդես է եկել գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Նոնա Դավթյանը և նշել, որ ժամանակներն անցնելու են, բայց Չարենցը միշտ մնալու է ընթերցողի հետ։
«Ինձ համար Չարենցը մեր խղճի հենասյունն է, որպեսզի չփլվի հիմնաշենքը, նա մեր ժողովրդի փիլիսոփայության վկայագիրն է և մեր պատմության ու անցյալի վկայախոսը»,-ընդգծել է Ն. Դավթյանը։