Արցախի պետական համալսարան

Ամփոփվել են ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված ծրագրավորման օլիմպիադայի արդյունքները։ Օլիմպիադային մասնակցություն են ունեցել չորս տասնյակից ավելի ուսանողներ, ովքեր հետաքրքրված են ծրագրավորմամբ։

Մրցանակային առաջին տեղը զբաղեցրել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Լևոն Առաքելյանը, 2-րդ տեղը կիսել են նույն մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Միլենա Առաքելյանը և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» 3-րդ կուրսի ուսանողուհի Շահինե Մարտիրոսյանը, իսկ 3-րդ տեղը՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» 4-րդ կուրսի ուսանող Ռուդոլֆ Բաբայանը։
Մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողները պարգևատրվել են պատվոգրերով ու գրքերով։
Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Վազգեն Առստամյանը շնորհակալություն է հայտնել օլիմպիադայի կազմակերպիչ դասախոսներին և մասնակից ուսանողներին՝ կարևորելով օլիմպիադաների դերը կրթական գործընթացում ուսանողների գիտելիքները հարստացնելու և դասընթացի հանդեպ հետաքրքրությունն ավելացնելու տեսանկյունից։
Վ. Առստամյանն առանձնահատուկ կարևորել է հատկապես ԱրՊՀ ուսանողների մասնակցությունը եվրասիական տարածաշրջանի միջազգային օլիմպիադային, որը տեղի էր ունեցել վերջերս և շնորհակալություն հայտնել ուսանողների հետ աշխատած մարզչին՝ դասախոս Արթուր Մնացականյանին։
ԱրՊՀ-ից ՏՏ 2-րդ կուրսի ուսանող Լևոն Առաքելյանը, ՏՏ 4-րդ կուրսի ուսանող Հենրիխ Հարությունյանը և ԻԿՄ 3-րդ կուրսի ուսանողուհի Շահինե Մարտիրոսյանը նրա ղեկավարությամբ մասնակցել են ծրագրավորման միջազգային մրցույթին և ցուցաբերել գոհացուցիչ արդյունքներ։
Ուսանող Լևոն Առաքելյանը, կարևորելով օլիմպիադաների դերը մասնագիատական գիտելիքներ ձեռք բերելու գործընթացում, նշում է, որ բարդ ու հետաքրքիր առաջադրանքներ լուծելը մեծ խթան է նոր գիտելիքներ ստանալու համար։ Իսկ Շահինե Մարտիրոսյանի խոսքով՝ այն նաև հաճելին ու արդյունավետը համադրելու հարթակ է, որտեղ նոր գիտելիքներ ձեռք բերելուն զուգընթաց ձեռք են բերում նաև նոր ընկերներ։ Ուսանողների կարծիքով՝ պետք է պարբերաբար լինեն նման միջոցառումներ՝ ուսումնական գործընթացը դարձնելով ավելի ակտիվ և հետաքրքիր։
Բնագիտական ֆակուլտետի դեկան Վոլոդյա Միրզոյանը ողջունել է ամբիոնի և ուսանողների ակտիվությունը և շնորհավորելով հաջողություններ գրանցած ուսանողներին՝ մաղթել նրանց հաղթանակներ միջազգային մրցույթներում։