Արցախի պետական համալսարան

Ապրիլի 23-ին ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է քննարկում՝ նվիրված հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին։ Ելույթներով հանդես եկան պատմաբան դասախոսները, գիտական զեկուցումներով՝ ուսանողները՝ յուրաքանչյուրն իր թեման կապելով արդի իրավիճակի հետ և անցկացնելով համեմատականներ։

«Պարտավորված ենք ամեն տարի հիշելու հայ ժողովրդի նկատմամբ 107 տարի առաջ թուրք ոճրագործների կողմից իրականացրած հանցագործության մասին և բարձրաձայնելու ու դատապարտելու։ Մենք պահանջատեր ենք մեր կորսված տարածքների։ Հայոց ցեղասպանությունն իրականացվեց առաջին համաշխարհային պատերազմի տարիների ընթացքում խոշոր տերություննների թողտվությամբ, որովհետև նրանց քաղաքական շահերի բախման պայմաններում նրանք չէին կարող խոչընդոտել հայոց ցեղասպանական գործողություններին։ Նույն իրավիճակում գտնվում ենք նաև այժմ, երբ խոշոր տերությունների քաղաքական շահերի բախումը խաչաձևվում է Արցախ-Հայաստանում։ Ինչպես 1915 թ.-ին արևմտահայությունը, այնպես էլ արևելահայությունը, խոչընդոտ հանդիսանալով Թուրանական տերության ստեղծման ճանապարհին, ենթարկվում են ցեղասպանության։ Ցեղասպանական քաղաքականությունը շարունակական բնույթ է կրում, այսօր էլ ենթարկվում ենք նման ոճրագործության, ուստի հիշելով 1915թ. ցեղասպանությունը, 1918-20թթ.-ի ջարդերն ու կոտորածները, 1988թ. Սումգայիթը, Բաքուն, Կիրովաբադը, 1992-ին՝ Մարաղան և շարունակական բնույթ ստացած նման ոճրագործությունները, պահանջում ենք դատապարտել հանցագործներին, քանզի անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում»,- իր խոսքում նշել է պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանը՝ անդրադառնալով նաև Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը և այն երկրներին, որոնք ընդունել և դատապարտել են ցեղասպանությունը։
Ուսանողները հանդես են եկել զեկուցումներով.
պատմության 3-րդ կուրսի ուսանողներ Գոհար Խաչատրյանը՝ «Հայոց ցեղասպանության պատճառները և իրագործման փուլերը» թեմայով, Լուսինե Ղարիբյանը՝
«Հայոց ցեղասպանության կորստաբեր հետևանքները» թեմայով, Տաթև Սարգսյանը՝ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը» թեմայով, Իզաբելլա Սարգսյանը՝ «Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության թուրքական տեսակետը և նրան հակընդեմ թուրքական կարծիքները» թեմայով, իրավագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Արևիկ Բաղրյանը՝ «Հայոց ցեղասպանությունը և հայկական վրեժխնդրության գործիչները՝ վրիժառուները» թեմայով, իրավագիտություն 2-րդ կուրսի ուսանողուհի Սնեժանա Թամրազյանը՝ «Հայոց ցեղասպանության միջազգային իրավական պատժելիության հենքերը» թեմայով։
Ելույթներից ու զեկուցումներից հետո ծավալվել է քննարկում արդիական խնդիրների շուրջ, մասնակիցներն արտահայտել են իրինց պահանաջատիրական դիրքորոշումն ու շեշտել պատմական սխալներից դասեր քաղելու անհրաժեշտությունը։