Արցախի պետական համալսարան
Ապրիլի 23-ին, Ստեփանակերտում կայացել է ջահերթ՝ ի հիշատակ 1915 թ. Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Ջահերթին մասնակցել են ԱրՊՀ ռեկտորը, դասախոսներ և ուսանողներ։
Սուրբ Հակոբ եկեղեցում անց է կացվել հսկման և խոկման արարողություն, այնուհետև Տեր Մինաս քահանա Մովսիսյանը և
եկեղեցու հավատավորները հնչեցրել են միասնական աղոթք։
Միասնական աղոթքից հետո ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ մեկնարկել է «Զարթնի՛ր, լաո`» խորագրով ջահերթ։ Մասնակիցները ջահերով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր՝ տանելով Արցախի՝ 100մ երկարություն ունեցող դրոշը։
ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պատմաբան Արմինե Խաչատրյանը կարևորել է ավանդական դարձած ջահերթի էությունն ու նշել, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է միշտ էլ հիշել հայոց ազգային ողբերգությունը։
«Մենք պարտավոր ենք հիշել ու լինել պահանջատեր։ Պետք է ոչ միայն արարենք ու ստեղծագործենք այստեղ, այլև աշխատանքներ տանենք Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ։ Այն ոճրագործություն է, որն անպատիժ թողնելը ծնում է նոր հանցանքներ։ Ցեղասպանություն իրագործող պետությունը պետք է ստանա իր արժանի պատիժը և հատուցի իր կատարած մեղքի համար, որը կլինի սաստող մյուս պետությունների համար»,-ասել է նա։
Ջահերթի մասնակից ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանի համոզմամբ՝ այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ 1915 թվականին և կրկնվել է տասնամյակներ հետո, նույն ձեռագիրն ու հանցագործությունն է մարդկության հանդեպ։
«Այսօրվա երթը հուսահատ ճիչ չէ, այլ մի տարբերակ է վերհիշելու և թարմ պահելու հիշողությունները, և մարդկությանը կոչ անելու ուշքի գալ, թույլ չտալ, որ այլևս նման հանցագործություն կրկնվի»,-նշել է նա։
Երթն ամփոփվել է Ստեփանակերտի հուշահամալիրում, մասնակիցները ծաղիկներ են խոնարհել հերոսների շիրիմներին, որից հետո կատարվել է մոմավառություն։