Արցախի պետական համալսարան
Ապրիլի 26-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թեման արտասահմանյան գրականության մեջ․ հիշողությունը՝ որպես ինքնության հենասյուն» խորագրով միջամբիոնային գիտաճանաչողական սեմինար՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-ամյակին։
Ռոմանագերմանական լեզուների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Սիրվարդ Ստեփանյանի նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարին գիտական զեկուցումներով հանդես են եկել բանասիրական ֆակուլտետի տարբեր ամբիոնների դասախոսներ, թեմայի վերաբերյալ ելույթներ ունեցել ուսանողներ։
«Սեմինարը նպատակ ունի նպաստելու արտասահմանյան գրականության մեջ Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ գիտելիքների մատուցմանը, նախորդ սերունդների կրած տառապանքի հանդեպ հարգանքի ու Հայոց պետականության նկատմամբ պատասխանատվության գիտակցության ամրապնդմանը»,-նշել է միջոցառման նախաձեռնողը։
Ռոմանագերմանական լեզուների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Սիրվարդ Ստեփանյանը հանդես է եկել «Արտասահմանյան գրականության պատմության մեջ հայոց ցեղասպանության թեմայի գաղափարական զարգացման խթանիչ մոտիվների որոնումը» թեմայով զեկուցմամբ, գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի ավագ դասախոս, բ.գ. թ. Նոնա Դավթյանը՝ «Ցեղասպանության վերհուշը սփյուռքահայ վերապրողների գրականության մեջ» թեմայով, նույն ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Զինաիդա Բալայանը՝ «Ժամանակի և ճանապարհի փիլիսոփայական մեկնումները Ֆ․ Վերֆելի և Ա․ Վեգների ստեղծագործություններում» թեմայով։
«Մենք այսօր այստեղ ենք սեփական անցյալի հիշողությամբ, այստեղ ենք որպես պահանջատեր մեզնից խլված հայրենի սրբազան լեռների ու միլիոնավոր արցունքներից դեռևս ծիլ տվող կորուսյալ հայրենի հողի։ Գրականությունը խոսում է հենց այս մասին, այս հողի ցավի, կարոտի ու սպասումների մասին։ 20-21-րդ դարերի գլոբալիզացման ու գիտատեխնիկական նվաճումների ազդեցությունների խառնարանում հայոց ցեղասպանության ներկայությունը գրականության մեջ՝ որպես «մշակութային հիշողության» բաղադրամաս, ունի իր առանցքանիշերը, որոնցով պայմանավորված գրական երկն ինքնին կպահանջի ուսումնասիրման ոչ միայն պատմական, նաև՝ քաղաքական, փիլիսոփայական, հոգեբանական, մշակութային գիտական կարևորությունը»,-կարևորելով թեմայի ուսումնասիրությունը արտասահմանյան գրականության մեջ՝ նշել է Ս․ Ստեփանյանը՝ հավելելով, որ այն դիտվում է որպես պայքարի յուրօրինակ գործընթաց, որի նպատակը ցեղասպանությունների, բռնությունների համամարդկային ընկալումն է, ու բնականաբար՝ պայմանավորված է կերտվող ապագան երաշխավորող՝ անցյալի վերանայման ու գնահատման անհրաժեշտությամբ։
 
Խոսելով սփյուռքահայ վերապրողների գրականության մեջ ցեղասպանության վերհուշի մասին՝ Նոնա Դավթյանը նշել է․«Բոլոր ժամանակներում ազգային-հոգևոր հիշողությունը լավագույնս արթուն է մնում գրականության մեջ։ Այլ կերպ չի էլ կարող լինել։ Սփյուռքահայ գրականությունը միշտ առաջին գծի վրա ավանդույթի կողքին պահում է ցավի ու կարոտի ծնունդ հուշը, երևակայությունը, ընդվզելու ազնիվ մղումը։ Կարոտի երգիչների հիմնական թիրախը կորուսյալ եզերքի պատկերների սրբագործումի անաղարտ վերակազմումն էր։ Ցավից ծնված կարոտը վերադարձնում էր հին հիշատակները, բնաշխարհ կորցրած գրողների հայրենի եզերքների գուներանգները»։
Միջոցառումը վարել է «Հայոց լեզվի պատմության և գրաքննադատության» 2-րդ կուրսի մագիստրանտ Հերմինե Արզումանյանը։ Կարևորելով գրականության ու արվեստի դերը՝ ուսանողուհին նշել է․«Ցավը հաղթահարելի է, եթե կա ապրումակցում, սփոփանք, և այդ ապրումակցումը մենք տեսնում ենք նաև արտասահմանյան գրականության մեջ»։
«Հիշողություն-մոռացություն-պայքար կոնցեպցիան Էլիֆ Շաֆագի «Ստամբուլի բիճը» վեպում» թեմայով ելույթով հանդես է եկել «Հայ գրականության պատմության» 2-րդ կուրսի մագիստրանտ Սոնա Մուսայելյանը, «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողներից «Հեղինակային ստեղծագործական դրդապատճառը և հայոց ցեղասպանության փաստը Գոնսալո Գուարչի «Հայոց կտակը» վեպում» թեմայով ելույթով հանդես է եկել ուսանողուհի Դիանա Կասյանը, «Ազգային ինքնության փրկության գիտակցումը Անտոնիո Արսլանի «Մշո գիրքը» վեպում» թեմայով՝ Տաթևիկ Ղահրամանյանը, «Ինքնաճանաչման խնդիրը Մարկ Արենի «Անատոլիական պատմություն» վեպում » թեմայով՝ Թագուհի Վանյանը, «Կարս քաղաքի պատմամշակութային նկարագրությունը Օ․Փամուկի «Ձյունը» վեպում» թեմայով՝ Միլանա Դանիելյանը։
Միջոցառման ընթացքում ներկաները դիտել են նաև տեսանյութ։