Արցախի պետական համալսարան
Ապրիլի 29-ին ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայոց պատմություն» առարկայից նախատեսված օլիմպիադայի երկրորդ փուլը:
Օլիմպիադային մասնակցել են հանրապետության տարբեր համայնքների հանրակրթական դպրոցների 9-ից 12-րդ դասարանների մոտ երեք տասնյակ աշակերտներ:
Ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանի խոսքով՝ օլիմպիադայի հարցաշարը կազմելիս համագործակցել են հանրակրթական դպրոցներում պատմություն դասավանդող ուսուցիչների հետ՝ դպրոցական ծրագրին համապատասխան հարցաշար կազմելու նպատակով:
«Օլիմպիադան հետապնդում է մի քանի նպատակ. խորացնել բուհ-դպրոց համագործակցությունը, նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը և նպաստել նրանց հայրենանվեր մասնագիտություն ընտրելուն, որն է՝ պատմությունը: Արդի աշխարհաքաղաքական պայմաններում և պատերազմի հետևանքով ունեցած մեր կորուստների պատճառով պատմություն առարկայի հանդեպ թերահավատություն է առաջացել: Մենք նման միջոցառումների շնորհիվ փորձում ենք կրկին վերարժևորել, «Հայոց պատմություն» առարկայի հանդեպ մատաղ սերնդի սերն ու հետաքրքրությունն ավելացնել, ամրապնդել նրանց մեջ հայրենասիրական ոգին»,-նշել է Նունե Սարումյանը՝ հավելելով, որ և՛ առաջին փուլում, և՛ երկրորդ փուլում զգացվում էր աշակերտների հետքրքրվածությունը առարկայի հանդեպ, ընդհանուր առմամբ այս ուստարում մոտ 95 աշակերտ մասնակցել է «Հայոց պատմություն» առարկայից բուհի կողմից կազմակերպված օլիմպիադաներին:
 
Օլիմպիադայի բացման արարողությանը ներկա էր նաև ԱՀ ԿԳՄՍ նախարարության կրթության և գիտության վարչության պետ Ռայա Մուսայելյանը: Ողջունելով համալսարանականներին և աշակերտներին՝ նա կարևորել է օլիմպիադայի դերն ու նշանակությունը՝ նշելով. «Գիտելիքը բոլոր ժամանակների մեծագույն զենքն է: Ներկա սերունդը իր գիտելիքներով պետք է գերազանցի նախորդ սերնդին: Ե՛վ ԿԳՄՍ նախարարության, և՛ համալսարանի կողմից կազմակերպվող միջոցառումները, բոլոր քայլերը միտված են խելացի, առողջ դատող, հայրենասեր և պետականամետ սերունդ կրթելուն ու դաստիարակելուն: Ողջունում եմ ԱրՊՀ կողմից կազմակերպված օլիմպիադան, քանի որ օլիմպիադաները աշակերտների գիտելիքները ստուգելու լավագույն ձևն են»:
Օլիմպիադայի արդյունքներն առաջիկայում կստուգվեն և կամփոփվեն: Մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները կպարգևատրվեն։